‘Լևոն Հայրապետյան. Իմ բուժմամբ զբաղվում է «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի բժիշկը’

824

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վնասվածք էր ստացել դեռևս սեպտեմբերին՝ Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ: Վերջերս մեր ֆուտբոլիստը ենթարկվել էր վիրահատության, որը հաջող էր անցել: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Լևոն Հայրապետյանը պատմել է, թե ինչպես է ընթանում վերականգնղական գործընթացը, ինչպես նաև խոսել է իր նպատակների և գալիք տարվա ակնկալիքների մասին:
Լևոն, վնասվածքդ ստացար Բուլղարիայի դեմ խաղում: Նախկինում այսքան երկար ժամանակով բացակայել էիր խաղադաշտից:
-Ոչ, սա առաջին դեպքն էր:
Իսկ կոնկրետ ի՞նչ վնասվածք էիր ստացել:

-Խաչաձև կապանս էր կտրվել, վնասվել էր մենիսկս:
Հիմա որտե՞ղ ես և ո՞վ է զբաղվում քո բուժմամբ:
-Այս պահին Համբուրգում եմ, բայց հունվարի 8-ին մեկնելու եմ Ռեսենբուրգ՝ հատուկ վերականգնողական կենտրոն, իսկ դրանից հետո կրկին կմեկնեմ Մյունխեն, որտեղ իմ բուժմամբ զբաղվում է “Բավարիայի” և Գերմանիայի ազգային հավաքականի բժիշկը՝ Հանս-Վիլհելմ Մյուլլեր-Վոլֆարտը:
Քո ակումբը՝Լեխիան”, օգնո՞ւմ է բուժման հարցում:
-Ոչ, ակումբն իմ բուժման հետ ոչ մի կապ չունի: Ինձ բոլոր հարցերում օգնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և անձամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ես շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար՝ հատկապես հաշվի առնելով, որ մեր ֆեդերացիան պարտավոր չէր դա անել: Բայց հենց նույն օրը, երբ վնասվածք ստացա, ֆեդերացիայից ինձ միանգամից հայտնեցին, որ բուժումս իրականացվելու է Գերմանիայում, և հոգացին բոլոր ծախսերը:
Ինչպե՞ս է ընթանում վերականգնումը վիրահատությունից հետո:
-Շատ լավ, օր-օրի վիճակս բարելավվում է: Հիմա արդեն հեծանիվ եմ քշում, կատարում եմ վերականգնողական տարբեր վարժություններ, ամեն օր ընդունում եմ մերսումներ:
Իսկ վերականգնման համար ի՞նչ ժամկետներ են նշում բժիշկները:
-Եթե ամեն ինչ ընթանա ինչպես նախատեսել ենք, արդեն մայիսին կկարողանամ նորմալ մարզվել թիմի հետ:
Արդեն պարզ է, որ չես կարողանա մասնակցել ՀայաստանՉեխիա հանդիպմանը: Իսկ հունիսին կայանալիք խաղերին արդեն պատրաստ կլինե՞ս:
-Ինքս իմ առջև նպատակ եմ դրել անպայման մասնակցել հունիսի խաղերին: Կարելի է ասել, որ հիմա դա իմ գլխավոր նպատակն է:
Իսկ, ընդհանրապես, ի՞նչ ակնկալիքներ ունես 2013 թվականից:
-Վերադառնալ խաղադաշտ և անել ամեն ինչ, որպեսզի հավաքականը կարողանա շատ հաղթանակներ տանել:
Ինչ կմաղթես մեր ֆուտբոլասերներին գալիք Ամանորի կապակցությամբ
-Ոչ միայն ֆուտբոլիստներին, այլև ֆուտբոլասերներին և, առհասարակ, բոլորին մաղթում եմ քաջ առողջություն և բազմաթիվ հաջողություններ:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը լրագրող Մհեր Արշակյանին առաջարկել է հանդիպում կազմակերպել Մհեր Սեդրակյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստանում վրաստանցի խաղաղապահ է կորել’