‘Լևոն Տեր-Պետրոսյանը միակ մարդն է, ով լուծում է առաջարկում ‘

2858

ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունից առաջ ներքաղաքական կյանքում կարծեք թե ավելի շատ հոգեբանական պայքար է ընթանում: Օգտվելով ԲՀԿ-ի հետ Կոնգրեսի համագործակցության պատրաստակամության հանգամանքից՝ իշխանության քարոզչամիջոցները փորձում են տարածել Կոնգրեսի ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «ծախված» լինելու, «մարտի 1-ը մոռանալու», «ժողովրդին դավաճանելու» մասին թեզեր, ընդ որում՝ դա, որպես կանոն, արվում է կեղծիքի, խոսքի աղավաղման, կոնտեքստից դուրս ներկայացնելու և այլ «ստանդարտ» մեթոդներով: Պարզ է, որ նման գործելակերպը չի կարող երկարաժամկետ արդյունք արձանագրել, բայց բանն այն է, որ իշխանության խնդիրը հենց կարճաժամկետ արդյունքի հասնելն է՝ մինչև փետրվարյան քվեարկություն:

Լևոն Տեր-Պետրոսյանի և Կոնգրեսի՝ ԲՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի հետ «գործարքի գնալու» մասին քարոզչական թեզի ազդեցությունը կտևի այնքան, մինչև մարդկանց մոտ վերջապես կծագի հարց այն մասին, թե, լավ, իսկ ի՞նչ է շահում Լևոն Տեր-Պետրոսյանն այդ «գործարքի» արդյունքում, այսինքն՝ ի՞նչը պիտի ստիպեր նրան նման քայլի գնալ… Իսկ այդ հարցի պատասխանն իշխանության քարոզչամիջոցները չունեն: Տեր-Պետրոսյանը գործարքի պիտի գնար, որ փող կամ պաշտո՞ն ստանար: Այդ դեպքում ի՞նչն էր խանգարում նրան ընդունել «համագործակցության» առաջարկը, որ արվեց «նորընտիր» նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ նախագահի նախկին թեկնածուներին:

Լևոն Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն ՀՀ «քաղաքական» դաշտում մյուսների, երբևէ բանականության սահմաններից դուրս չի եկել: Ուզենք, թե չուզենք, համաձայնենք, թե չհամաձայնենք նրա հետ, պիտի ընդունենք, որ այսօր նա միակ մարդն է, ով ստեղծված իրավիճակից լուծում է առաջարկում: Նույն Կոնգրեսի որոշ անհատների կողմից հնչող՝ «մարտի 1-ի կազմակերպիչների հետ գործարքի չենք գնա» բանաձևը լուծում չէ: Չե՞ք գնա, ապրեք, իսկ ի՞նչ եք անելու: ԲՀԿ-ի հետ համագործակցության եզրեր փնտրելու Կոնգրեսի փորձերը Կոնգրեսի համակիրների ու փոփոխությունների ձգտող շատ այլ մարդկանց համար գուցե հիասթափեցնող և հուսահատեցնող են, բայց, ուշադրություն դարձրեք, որ իրավիճակ փոխելու նման մոտեցումը (թեկուզ շատերի համոզմամբ այն դատապարտված է ձախողման) ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ասպարեզում դեռևս միակ առաջարկն է: Այն քննադատելուց ու դատապարտելուց առաջ, նախ պետք է սեղանին դնել լուծման այլ տարբերակ, այլապես, երբ կա մեկ առաջարկ, մեկ թեկնածու, մեկ ուղի, նշանակում է՝ չկա ընտրություն, և ամեն քննադատություն ու դատապարտում ժամավաճառության ոլորտից է:

Ռաֆայել Թեյմուրազյան

Նախորդ հոդվածը‘Շվեդական Ikea-ն ներողություն է խնդրել՝ քաղբանտարկյալների աշխատանքն օգտագործելու համար’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի բանակը կառավարությունից 75 հազարանոց զորահավաք է հայցել ‘