‘Խաղամոլի նոթեր-4. Ռեգբիի հնաոճ ուղղագրությունը ‘

7673

Նախորդ մասերն այստեղ, այստեղ, այստեղ

Սպորտի աշխարհում եզակի չեն այնպիսի խաղերը, ուր կա միավորներ վաստակելու տարբերակում: Օրինակ՝ բասկետբոլում, կախված նրանից, թե ի՛նչ հեռավորությունից է խփված գնդակը, տարբերվում է միավորների քանակը՝ հեռվից հարվածը երեք միավոր արժե: Ավստրալական ֆուտբոլում դարպասի կենտրոնական հատվածի մեջ խփած գնդակն արժե 6, իսկ դարպասի եզրային հատվածի մեջ՝ 1 միավոր: Իռլանդական ֆուտբոլում նույնպես կա նման տարբերակում՝ բուն դարպասի մեջ խփած գնդակը 3 միավոր է, իսկ դարպասի վերեւի հատվածում` այն շարունակող երկու ձողերի արանքի մեջ խփածը 1 միավոր է, եւ այլն: Ռեգբին, սակայն, այստեղ էլ տարբերվում է իր խիստ ինքնատիպությամբ՝ բացառիկ նորարարության եւ ավանդապահ հնաոճության տարօրինակ խառնուրդով:

Փորձը փորձանք չէ

Բոլոր թվարկած օրինակներում, թեեւ միավորների քանակը տարբերակված է ըստ քանակի, սակայն միավորներ վաստակելու ձեւն ընդհանուր առմամբ նույնն է յուրաքանչյուր խաղի համար՝ բասկետբոլում գնդակը պետք է նետել զամբյուղի, իսկ ֆուտբոլներում՝ դարպասի մեջ: Այսինքն՝ նպատակին հասնելու կերպը մեկն է, եւ տարբերվում է միայն հեռավորությունն ու նշանառությունը: Իսկ ահա ռեգբիի միավորներ վաստակելու համակարգը երկփեղկված է՝ կա միավորներ վաստակելու երկու որակապես տարբեր ձեւ (եւ այդ երկու ձեւի մեջ էլ միավորների եռաստիճան կամ նույնիսկ քառաստիճան տարբերակում): Եթե շարունակենք խաղի նկարագրությունը նախորդ մասերում մեր կողմից ընդունված համակարգային վերլուծության շրջանակներում, ապա կտեսնենք, որ ռեգբիի համակարգն այս մի կետում անհավասարակշիռ է, ներքուստ հակասական է. մի կողմից՝ այն պահպանել է միավորներ վաստակելու հին ֆուտբոլային ձեւը՝ գնդակը դարպասի մեջ խփելու միջոցով, որը, սակայն, ռեգբիի բուն համակարգից դժվար է բխեցվում եւ այդպիսով՝ հնաոճ մնացուկի տպավորություն է թողնում, իսկ մյուս կողմից՝ ռեգբիում ձեւավորվել է եւ աստիճանաբար զարգացում ապրելով՝ գերակայող դարձել բուն այդ խաղի համակարգից բխող միավոր վաստակելու ինքնատիպ եւ այլուր չհանդիպող կերպը՝ այսպես կոչված «փորձը» (try): Համակարգային վերլուծության տեսակետից սա շատ հետաքրքիր երեւույթ է:

Ի՞նչ է «փորձը»: Երբ ռեգբիի խաղացողը գնդակը ձեռքին վազում է առաջ եւ հաղթահարելով պաշտպանվող թիմի դիմադրությունը, ճեղքելով «պատը»՝ անցնում է խաղադաշտի եզրային գիծը եւ կարողանում է գնդակը հպել գետնին մարմնի որեւէ մասով, դա կոչվում է «փորձ», որի դիմաց այսօրվա ռեգբիում թիմը վաստակում է 5 միավոր (որպեսզի ավելի մանրամասն չնկարագրեմ, ավելի լավ է՝ միանգամից տեսեք պատկերը): Սա ռեգբիում միավոր վաստակելու հիմանական եւ սիրված ձեւն է, նաեւ՝ խաղի կարեւոր տարբերակիչ հատկանիշներից մեկը: Ինչպես տեսնում ենք, այն նման չէ միավոր վաստակելու որեւէ այլ ձեւի: Դժվար չէ նկատել, որ ինչպես եւ նախորդ հատվածում դիտարկված ռեգբիի մի քանի կարեւոր կանոնները, «փորձը» նույնպես լիովին բխում է ռեգբիի հիմնական՝ գնդակը երկու ձեռքում բռնած առաջ վազելու կանոնից: Իրոք, եթե կա գնդակը ձեռքում վազելու հնարավորություն, եւ եթե պաշտպանության հիմնական միջոցը գնդակով խաղացողին ամեն գնով, այդ թվում՝ գցելով գետնին՝ խոչընդոտելն է, ապա պարզ է, որ գնդակը ձեռքին դաշտի եզրին վազելը, մի կողմից՝ շատ դժվար, իսկ պաշտպանությունը ճեղքելը կամ խաբելը՝ շատ տեսարժան են դառնում, որով դաշտի եզրի հատումը՝ արժեք, հետեւաբար՝ միավոր վաստակող: Որեւէ այլ խաղում նույն տրամաբանությունն անհեթեթ կլիներ: Օրինակ, պատկերացրեք, թե ֆուտբոլում գրոհող թիմը միավոր վաստակեր գնդակը մրցակցի դաշտի կեսում անկյունային տշելով: Քանի որ դրանում բարդություն չկա, չկա եւ ազարտ եւ տեսարժանություն, հետեաբար՝ նման գործողությունը ֆուտբոլում կլիներ անարժեք եւ անհթեթ: Եվ ուրեմն, պատահական չէ, որ «փորձը» ռեգբիի բացառիկ նորամուծությունն է, եւ առաջացել է հենց այդ խաղում (անգլիական դպրոցական ֆուտբոլներից մի քանիսում նույնպես ձեւավորվել են միավորներ վաստակելու նման ձեւեր, օրինակ՝ Իթոնի պատի խաղում):

Փորձի փոխանակումը

Բայց ինչո՞ւ «փորձ»: Խնդիրն այն է, որ փորձը, որն այսօր արժե 5 միավոր՝ ռեգբիում միավորներ վաստակելու ամենաթանկ «գինը», միշտ չէ այդքան արժեքավոր համարվել՝ այն գերակայող է դարձել խաղի զարգացման ընթացքում: Ի սկզբանե միավորներ վաստակելու հիմնական ձեւը ռեգբիում նման է եղել ֆուտբոլային այլ «կոդերին»՝ գնդակը պետք էր խփել դարպասի մեջ (ռեգբիում այն տարբերվում է «մեր»  ֆուտբոլի դարպասից եւ ինչպես շատ բան այդ խաղում՝ պահպանում է հին ավանդույթները): Այսօր էլ ռեգբիում կա դարպաս, եւ դարպասի մեջ գնդակը խփելով միավորներ վաստակելու տարբերակ, բայց այսօր դա արդեն երկրորդական է՝ փորձի համեմատ: Գնդակը դարպաս ուղարկելով միավորներ վաստակելու երեք տարբերակ կա: Առաջինը «սովորական»՝ «հարվածային գոլն է» (drop goal), մյուսը «պենալտի գոլն է», որը համապատասխանում է ֆուտբոլի «ազատ հարվածին» («հայերեն» ասած՝ «շտրաֆին»): Երկուսի համար էլ հասնում է երեք միավոր, երկուսն էլ խփում են ոտքով, բայց դրոպ գոլի դեպքում պետք է խփել խաղից եւ գնդակը ձեռքերի մեջ պահելով, իսկ պենալտիի ժամանակ՝ դաշտից: Գնդակը ձեռքով դարպասի մեջ խփելու տարբերակ ռեգբիում չկա, եթե խոսքը դարպասի մեջ արված «փորձի» մասին չէ: Պետք է ասել, որ «հարվածային գոլն» այսօրվա ռեգբիում շատ հազվադեպ է խփվում՝ կարող է լինել նույն մրցույթում 10-ից ավելի խաղ՝ առանց «սովորական» գոլի: Դա խփելը ձեռնտու է միայն հատուկ իրավիճակներում, երբ, օրինակ, թիմը ժամանակ չունի, բայց «վիզ պետք է» գոնե 3 միավոր վաստակել: Պենալտին շատ ավելի հաճախ է պատահում՝ միջինը՝ խաղում մի քանի հատ, որոնց մեծ մասը խփվում է, եւ ա՛յն խաղը, որտեղ պենալտիի միջոցով վաստակած միավորները չափից շատ են լինում, սովորաբար լինում է պաշտպանական, փակ ոճի: Վերջապես, դարպասի մեջ գնդակը խփելու մեկ այլ տարբերակը, որն արժե 2 միավոր, այսպես կոչված՝ «փոխակերպումը», «փոխանակումը» (conversion) կամ, եթե ըստ իմաստի, այլ ոչ թե բառացի թարգամենք՝ «իրականացումը»: Սրա իմաստը հասկանալու համար նորից պիտի դառնանք «փորձին»:

Կարեւորը փորձելն է

Հարցրինք՝ «ինչու փորձ», բայց հարցի պատասխանը չտվեցինք, որովհետեւ դա հնարավոր չէ՝ առանց «փորձի» հետ սերտորեն կապված «փոխանակման» գոլի հիշատակման: Խնդիրն այն է, որ ի սկզբանե «փորձ»-ի համար ռեգբիում միավորներ չէին տրվում: «Փորձը» հենց գոլի փորձ էր համարվում, որի դիմաց այն կատարած թիմը ստանում է դարպասին ազատ հարվածի իրավունք գնդակի տեղադրության կետից պայմանականորեն գծված եւ դաշտի երկարությանը զուգահեռ գծի երկայնքի ցանկացած կետից: Միայն եթե հարվածը հաջող էր, թիմը վաստակում էր միավոր: Այսօրվա ռեգբիում համակարգը թարս է դարձել՝ այն գործողությունը, որն ի սկզբանե ընդամենն իրավունք էր տալիս միավորներ վաստակելու փորձի, այսօր ինքնին ոչ միայն միավոր վաստակելու ձեւ է, այլեւ ավելին արժե, քան բուն «իրականացումը»: Բայց վերջինս էլ չի անհետացել, եւ այսօր էլ «փորձ»-ի միջոցով 5 միավոր վաստակելուց հետո թիմն իրավունք է ստանում «փորձի փոխանակման/իրականացման», բայց դրա դիմաց ստանում է 2 միավոր (այս նույն համակարգը փոխակերպված ձեւով պահպանվում է նաեւ ամերիկյան ֆուտբոլում, բայց այդտեղ դա շատ ավելի հեշտացված է, մանավանդ՝ երկրորդ մասը պրոֆեսիոնալ մակարդակում վերածված է գրեթե ձեւականության): Այսպիսով, խաղի զարգացումը բերել է տարօրինակ իրավիճակի՝ գոլի փորձն ավելի արժեքավոր է, քան բուն գոլը, որի իրավունքը վաստակվում է փորձով:

Համակարգային սխալի գեղեցկությունը

Այստեղ է, որ ռեգբիի համակարգը յուրահատուկ անհավասարակշռություն եւ խախտում ունի: Ռեգբիի պատմությանն անծանոթ դիտողին «փորձի» արդյունքում դարպասին ազատ հարվածելու իրավունքը եւ դրա դիմաց հավելյալ միավորներ վաստակելու հնարավորությունը բավականին տարօրինակ եւ «սխալ» բան է թվում: Եվ իրոք, դժվար է այդ կանոնը որեւէ կերպ բխեցնել բուն խաղի տրամաբանությունից: Փաստորեն՝ դա ոչ թե խաղի տրամաբանական, այլ ավանդությանը տուրք տալու արդյունքում պահպանված տարրն է: «Մաքուր»՝ իր իսկ տրամաբանությունը մինչեւ վերջ հասցված խաղում, պետք է մնար միավորներ վաստակելու միայն մեկ՝ այդ խաղի համակարգից բխող ձեւը: Բայց այդ «սխալը» ռեգբիի յուրահատուկ էսթետիկայի մասնիկներից է՝ գեղեցկությունը ոչ միայն անխախտ տրամաբանության, այլեւ, որոշ դեպքերում՝ դրա խախտման մեջ է, հատկապես՝ երբ խախտումը կատարվում է հանուն ավանդույթի: Ռեգբին այդ կետում նման է մի լեզվի, որի ուղղագրությունը միայն մասամբ է համապատասխանեցված իրական արտասանությանը, իսկ մյուս մասով պահում է հին՝ արդեն  գործածությունից դուրս եկած արտասանության հետքերը: Միավորներ վաստակելու իր անհետեւողական, բարդ, նաեւ՝ հակասական համակարգով ռեգբին նորից հայտնվում է «մեր» ֆուտբոլի հակադիր բեւեռում, ուր միավոր վաստակելու մեկ ձեւ եւ մեկ արժեք կա՝ մեկ գոլ=մեկ միավոր:

Ընդհուպ մոտեցանք ռեգբիի էսթետիկային, որի մասին էլ կխոսենք մյուս անգամ:

 

Խ.Էրմեկբեկյան

 

Նախորդ հոդվածը‘Քեմերոնը խոստացել է լուրջ խոսել Պուտինի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» եւ «Ռեալը» միացել են Գյումրիի անօթեւանների համար անցկացվող դրամահավաքին. Ա1+’