‘Խանութների ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազել է. Ալյուրն ու շաքարավազը սպառվում են ‘

1488

Վերջին շրջանում դրամի փոխարժեքի անկումը մթերային ապրանքների կտրուկ գնաճի պատճառ է դարձել: Ընդ որում, թանկացել են ինչպես ներմուծվող, այնպես էլ տեղական արտադրության ապրանքները: iLur.am-ը Երեւանի կենտրոնի մի քանի փոքր մթերային խանութներում հարցախույզ անցկացրեց՝ գների վիճակը պարզելու համար:

Ընդհանուր առմամբ պատկերը հետեւյալն է՝ թանկացել է հիմնականում ներմուծվող մթերքը՝ շոկոլադներ, կիսաֆաբրիկատներ, ձկան պահածոներ եւ այլն: Տեղական արտադրության հյութերն ու ջրերը չեն թանկացել, անփոփոխ է մնացել նաեւ տեղական արտադրության պահածոների գինը:

Ցանցային խանութներից մեկի մենեջեր Էդգարը (որը խնդրեց չհրապարակել խանութի անունը) մեզ հետ զրույցում ասաց, որ, անհասկանալիորեն եւ կտրուկ՝ մինչեւ 20% բարձրացել է տեղական արտադրության մսի եւ մսամթերքի, ինչպես նաեւ՝ հացամթերքի եւ շաքարավազի գինը: Ընդ որում նրա խոսքով,խանութի պահեստում շաքարավազը եւ ալյուրն արդեն օրվա երկրորդ կեսին սպառվել էին: Մեր զրուցակիցը նշեց, որ մատակարարող ընկերությունները հրաժարվում են նոր պատվեր ընդունել:

Ընդհանուր առմամբ, մեր զրուցակցի դիտարկման համաձայն, ապրանքների գներն աճել են միջինը 20 տոկոսով: Սա ազդել է նույնիսկ Երեւանի կենտրոնի բնակիչների գնողունակության վրա: Իսկ նախատոնական գնումների մասին՝ խոսք անգամ չկա: Խանութներում ապրանքները երկար զննող, հաճախ՝ տարակուսանքով դրանք ետ՝ ցուցափեղկին դնող մի քանի քաղաքացուց հարցրինք՝ ինչպես են դիմավորել վերջին թանկացումները, եւ ստացանք  այսպիսի պատասխաններ. «Նոր տարվանից առաջ տոնական զեղչերի փոխարեն տոնական թանկացում ստացանք», «ինձ համար միեւնույն է, ես միշտ ունեցածիս չափով եմ Նոր տարի անում», «Վատ է, իհարկե, վատ է: Ամենակարեւորը՝ չգիտենք, թե վաղվա օրը ոնց կբացվի, ինչ կուրսով, ինչ գներով: Իշխանություններն էլ նորմալ բան չեն ասում»:  Մի երիտասարդ կին էլ ժպտալով պատասխանեց, որ դրամի արժեզրկումը միայն դրական կարղ է անդրադառնալ, քանի որ ինքն աշխատում է միջազգային կազմակերպությունում եւ աշխատավարձը ստանում է դոլարով:

Մենեջեր Էդգարն ասում է, որ եթե նախկինում  հիմնական առեւտրից բացի հաճախորդները հյութեր, հրուշակեղեն էին վերցնում, հիմա՝ առավելապես հաց ու երշիկեղեն են տանում: «Մատակարարները թանկացրել են հացը, բայց մենք գրեթե ինքնարժեքով ենք վաճառում, փորձում ենք շատ չթանկացնել», — նշեց մենեջերը: Նրա խոսքով, վերջին օրերին խանութի դրամարկղում փողը գուցե մի քանի քիչ ավելացել է: «Բայց եթե հաշվի առնենք, որ միջինը 20%-ով ապրանքը թանկացել է, իսկ կասսայի փողը գրեթե չի ավելանում, պատկերացրեք, թե ինչքանով է նվազել շրջանառությունը: Չհաշված՝ դրամի արժեզրկումը», — նշեց նա:

Նախորդ հոդվածը‘Օբաման կստորագրի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենքը’
Հաջորդ հոդվածը‘Իրանը պաշտպանում է Մոսկվայում բանակցություններ անցկացնելու գաղափարը’