‘Խմբագրական. Անպարտելիները չեն նահանջում’

2502

«Միայն ազատ մարդիկ կարող են բանակցություններ վարել: Բանտարկյալը չի կարող պայման կապել»:

Այսպես է արձագանքել հանրահայտ Նելսոն Մանդելան (Մադիբան)՝ ի պատասխան ՀԱՀ նախագահ Փիթեր Բոտի` 1985-ին իրեն ուղղված առաջարկի` ազատություն՝ ապարտեիդի դեմ պայքարում բռնությունից, որպես քաղաքական զենքից, անվերապահ հրաժարվելու դիմաց:

Մանդելան արդեն կյանքի եւ մահվան սահմանագծին է: Ազատության համար պայքարի անխոնջ մարտիկը հեռանում է` հիվանդանոցի շուրջբոլորը հավաքված հարյուրավոր մարդկանց` իր համար հնչող աղոթքների ներքո: Կյանքից հեռանում է մի մարդ, ով իր ուղնուծուծով խորհրդանշում էր ազատության համար պայքարը՝ մարդ-պայքարը: Հույս-պայքարը: Հավատ-պայքարը: Վստահություն-պայքարը:

Հայաստանում` հասարակաքաղաքագիտավերլուծագանգական միտքը երեւի ճիշտ կանի, մեկ անգամ եւս կարդա, ուսումնասիրի, վերընթերցի ու նորից վերընթերցի Մանդելայի կենսագրությունը: Խոսքն, իհարկե, վերլուծագանգական այն շրջանակների մասին չէ, ովքեր քաղաքական գործընթացների իրենց դիտակետերը փոխում են օրվա կուրսով: Խոսքը նրանց մասին է, ովքեր կարծում են, որ եթե այսօր սկսել ես պայքարել բռնապետության դեմ եւ հաջորդ օրը դեռ հաջողության չես ասել, ուրեմն` երրորդ օրն արդեն պայքարն անիմաստ է շարունակել:

Մադիբան 27 տարի անցկացրեց բանտում եւ չդադարեց պայքարել, որովհետեւ գիտեր, որ ազատության համար պայքարի ամենամեծ թշնամին հիասթափությունն է, հուսահատությունն ու վհատվելը: Քանի դեռ ազատությունը, հավասարությունը, ժողովրդավարությունը նվաճված չեն, դրանց համար պետք է պայքարել ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի, այնքան, որքան անհրաժեշտ կլինի, այնքան, մինչեւ պայքարը կտա իր պտուղները: Պայքարի մարտիկները չեն նահանջում, չեն հիասթափվում, չեն հուսահատվում: 2008-ի Համաժողովրդական շարժման մեկնարկից անցել է ընդամենը 5 տարի, ու թեեւ պայքարի բազմաթիվ պտուղներ արդեն իսկ տեսանելի ու շոշափելի են, այդուհանդերձ, շատերը կարծում են, որ պայքարը երկարել է` մի ամբո՜ղջ հինգ տարի…

Իսկ Նելսոն Մանդելան մի ամբո՜ղջ 27 տարի անցկացրեց բանտում:

Հ.Գ. 2009-ին Քլինթ Իսթվուդը նկարահանեց «Անպարտելին» ֆիլմը` Մանդելայի կենսագրության հիման վրա:

Ֆիլմում որպես խորհրդանիշ հնչում էր այս բանաստեղծությունը:

ՎԻԼՅԱՄ ՀԵՆԼԻ (1849-1902)

ԱՆՊԱՐՏԵԼԻՆ

Սեւ խավարի քողը ճեղքելով,
Աղթոքը իմ ցավից ծնված,
Իմ աննկուն հոգու համար
Առաքում եմ ես առ Աստված:
Օրերը իմ` բազում փորձանք,
Գիշերներս` տանջանք անքուն:
Բախտի ծանր հարվածներից
Վիրավոր եմ, բայց դեռ կանգուն:
Չարք ու արյուն ինձ ուղեկից,
Բայց իմ հոգուց` ոչ մի հառաչ:
Առանց վախի գնում եմ ես`
Չընկրկելով ցավի առաջ:
Փույթ չէ, թե նեղ է իմ ուղին
Ու վտանգն է դարանակալ:
Նավավարն եմ ես իմ հոգու
Եվ իմ բախտին` ես տիրակալ:

Թարգմանությունը` Վան Արյանի

 

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 28-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է Կապանում’