‘Խմբագրական. Եթե նամակ ցարին, ապա՝ գուբերնիա’

2314

Մինչ իշխանամետ թեւի նորանոր ներկայացուցիչներ հանդես են գալիս երկարաշունչ տեքստերով կամ էլ խորաթափանց մեկնաբանություններով՝ Զորի Բալայանի հայտնի նամակի հետքերով, ռուսական կողմից նույնպես արդեն ունենք արձագանք, որին կարելի է ծանոթանալ, օրինակ, հետեւյալ հղմամբ: Համարել այս արձագանքը մասնավոր կարծիք, թե Ռուսաստանի պաշտոնական շրջանակների անուղղակի պատասխան՝ այսպես ասած՝ ճաշակի հարց է, ճիշտ այնպես, ինչպես ճաշակի հարց է Բալայանի նամակը համարել իր անձնական տեսակե՞տ, թե՞ պաշտոնական Երեւանի անուղղակի դիմում «ցարին»:

Հատկանշական է, որ Բալայանի նամակին ռուսաստանյան պատասխանը ստորագրված է ռուսականացված հայկական ազգանվամբ՝ ոմն Օլեգ Այրապետով՝ Մոսկվայի պետական համալսարանի բաժիններից մեկի դեկանի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու: Ավելին՝ կարճ նյութի համար ընտրված է ուշագրավ մի բնաբան, որը մեջբերում է մեկ այլ ռուսականացված ազգանվամբ հայի՝ նախորդ դարասկզբին հայտնի գեներալ Թովմաս (Ֆոմա) Նազարբեկովի խոսքերը: Նազարբեկովը Առաջին հանրապետության շրջանում զբաղեցրել է բարձր զինվորական պաշտոններ եւ եղել է ռուսախոս սպայության տիպիկ ներկայացուցիչը՝ հասարակական շերտ, որն անկախությունը ընկալել է որպես ժամանակավոր անցումային փուլ եւ ակնկալել է Ռուսական Կայսրության վերականգնումը: Բացի նրանից, որ, ինչպես տեսանք, տեքստը կազմված է այնպես, որ Զորիի նամակին պատասխանում են հայկական ազգանուններ կրող անձինք, այն էլ՝ երկու մակարդակով՝ ներկայումս ապրող դեկանի տեղակալի խոսքը հիմնավորվում է Առաջին Հանրապետության շրջանի գեներալի հեղինակությամբ, չափազանց բնութագրական է նաեւ Նազարբեկովից մեջբերված հատվածը: Կարծում ենք՝ իրոք, ոճով եւ ուղերձով՝ դա այնքան կարեւոր է, որ կարելի ամբողջությամբ մեջբերել. «Ընդհանրապես՝ պետք է ասել, որ ոչ միայն հայերը, այլեւ բոլոր ասիացիները միշտ փորձում են իրենց անհաջողությունների պատասխանատվությունը գցել ինչ-որ մեկի վրա, նույնիսկ՝ եթե ակնհայտ է, որ իրենց անհաջողությունների մեղավորն իրենք են»: Այս հատվածի ընտրությունը, դրանում արտահայտված վերաբերմունքն ու ուղերձն ինքնին ավելի քան խոսուն եւ ակնհայտ են, այնպես որ՝ կարելի էր մնացածն այլեւս չկարդալ: Հայերն այստեղ ներկայացվում են որպես «ասիացներ»՝ պատասխատավությունից զուրկ բարբարոսներ, որով եւ՝ զուրկ ինքնուրույն եւ անկախ լինելու իրավունքից: Վերջին պնդումը՝ անկախության իրավունքի վիճարկումը, հատկապես շեշտվում է հոդվածի վերնագրից՝ «Արդյո՞ք Ռուսաստանին պետք է Էրիվանի գուբերնիան՝ Հայաստանի փոխարեն», եւ բուն տեքստից, ուր հեղինակը պնդում է, թե եթե Զորի Բալայանը հղում է Գյուլիստանի պայմանագրին, ապա տրամաբանական է, որպեսզի նա պահանջի նաեւ վերադարձ Այսրկովասի բաժանմանը ռուսական գուբերնիաներին, այլ ոչ թե խոսի անկախ պետություններից: Հոդվածի հեղինակը միայն կասկած է հայտնում, թե արդյո՞ք ռուսներին դա պետք է: Այլ կերպ ասած, համաձայն Այրապետովի (կամ եթե համարում ենք, որ սա միայն նրա անձնական կարծիքը չէ՝ ռուսական կողմի)՝ պարզ է, որ հայերն անկախության արժանի չեն, իսկ Զորի Բալայանի տրամաբանությամբ՝ անկախ Հայաստանը պետք է փոխարինվի Էրիվանյան գուբերնիայիով («неужели это не понятно»՝ «արդյո՞ք դա հասկանալի չէ»՝ այս առումով ճարտասանական հարց է տալիս Այրապետովը), բայց, ահա, Ռուսաստանը մտածելու տեղ ունի դրա անհրաժեշտության մասին՝ իր շահերի տեսակետից: Բացի այդ, ակնհայտ է նաեւ ընտրված բնաբանի միջոցով հաղորդվող մյուս ուղերձը՝ պետք չէ սեփական սխալները վերագրել այլոց: Սա կարող ենք ընկալել ե՛ւ որպես պատմական դեպքերի գնահատական, ե՛ւ որպես ներկա պահի հետ կապված մեկնաբանություն: Կարծում ենք մեծ անզգուշություն չենք անի, եթե համարենք, որ ներկայի մեկնաբանությունն ավելի կարեւոր է ուղերձը հղողի տեսակետից եւ կազմում է դրա հիմնական մասը:

Ինչպես նշեցինք, բնաբանի հիմնական տարրերի վերլուծությունն իսկ բավական է հասկանալու համար Բալայանի նամակին ռուսական արձագանքի հիմնական իմաստը: Բուն տեքստը, որն ի տարբերություն Բալայանի նամակի՝ շատ համառոտ է եւ հույզերից զուրկ (սա էլ, ի դեպ, կարելի է ընկալել որպես յուրահատուկ ուղերձ), փաստացի՝ բնաբանի յուրահատուկ մեկնաբանություն է: Մասամբ արդեն խոսեցինք հիմնական դրույթների մասին (եթե Գյուլիստան, ապա ոչ թե անկախություն, այլ գուբերնիա, բայց հազիվ թե դա Ռուսաստանին պետք է), այնպես որ միայն մի երկու երանգի վրա էլ ուշադրություն դարձնենք: Հեղինակն ասում է, որ Բալայանի նամակն ինքնատիպ չէ, այլ ընդամենը արտահայտությունն է անդրկովկասյան երեք հիմնական ազգերի ազգայնականներին բնորոշ հավակնությունների: Այսինքն՝ բալայանական «պահանջատիրությունը» եւս մեկ անգամ ներկայացվում է «ասիական» շրջարկի մեջ, իբր՝ դե բոլորդ էլ նման հավակնություններ ունեք, բա մենք՝ «մեծերս», «սպիտակներս» ի՞նչ իմանանք, ձեզնից ո՞ր մեկն է ճիշտ: Վերջապես, հեղինակն ակնարկում է իր եթե ոչ բացասական, ապա գոնե շատ զուսպ վերաբերմունքի մասին 80-ականների-90-ականների դեմոկրատական շարժման եւ նրա գործիչների նկատմամբ՝ թերեւս ենթատեքստով նկատի ունենալով Սովետական Միության փլուզման բացասական իր գնահատականը: Սա այնքան էլ բռնազբոսիկ ենթադրություն չէ՝ հաշվի առնելով Ռուսաստանում այսօր ընդունված կիսապաշտոնական գնահատականը գորբաչովյան եւ ելցինյան շրջանների նկատմամբ:

Ահա այսքանը՝ պարզ, կոնկրետ եւ սպասելի: Իրոք, դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ուրիշ ի՞նչ տիպի արձագանք էին սպասում Բալայանի նամակի կազմակերպիչներն ու պաշտպանները «ցարին նամակ» գրելու իրենց ժամանակավրեպ, անհեթեթ նախագիծը ծրագրավորելիս եւ իրականացնելիս: Այս ամենը կարելի էր պարզապես զավեշտալի համարել, եթե հնարավորություն ունենայինք իրավիճակը կողքից դիտելու: Բայց զավեշտը վերածվում է ողբերգության, քանի որ որպես Հայաստանի քաղաքացիներ՝ նվաստացման ենք ենթարկվում բոլորս: Եթե անկախության 23-րդ տարում Հայաստանի իշխանությունն արտաքին հարաբերությունները նախկին մետրոպոլիայի հետ կարգավորելու այլ լեզու, այլ մեթոդներ չի գտնում, քան հնաոճ «վերնոպոդդանիչեսկի» նամակներ կազմելը «ցարին», դրանցում բաբոյիս թվի փաստարկում օգտագործելը, ապա արդյո՞ք պետք է զարմանալ, որ պատասխանը պետք է լիներ ոչ պակաս նվաստացուցիչ եւ հեգնական: Գուցե նամակի նախագծի բարձրաստիճան հեղինակները եւ պաշտպանները անմեղսունակ են կամ մազոխիստ են, բայց դա կլիներ իրենց խնդիրը, եթե նրանք չհավակնեին ներկայացնել Հայաստանն ու չլինեին Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչներ կամ կողմնակիցներ:

Բնական է, որ եթե գրում ես նամակ «ցարին», ապա ստանում ես կայսերական ոճի եւ բովանդակության պատասխան: Կարելի է շատ երկար վիճել Այրապետովի պատասխանի հետ, դատապարտել, բերել փաստարկներ, բայց պարզ է, որ նման պատասխանի անխուսափելիությունը ներդրված էր հենց Բալայանի նամակի մեջ: Բալայանի նամակն ու Այրապետովի պատասխանը միմյանց հայելային արտացոլումն են, եւ եթե կան դեռ մարդիկ, որոնք փորձում են պաշտպանել նման ոճի ուղերձների հղումն արտաքին աշխարհին, ապա թող նրանք չբողոքեն համապատասխան նվաստացուցիչ արձագանքից: Իրոք, նամակ գրել «ցարին», նշանակում է՝ նրան որպես վերին դատավոր ներգրավել եւ ճանաչել քո ներքին եւ արտաքին հարաբերություններում: Եվ այդ առումով Հայրապետովը համարժեք հարց է տալիս. եթե անկախ ազգ եք, եթե «ասիացի» չեք, այլ հավակնում եք «սպիտակ մարդ» լինելուն (անկախությունը հենց այդպիսի հավակնություն է), ապա ինչո՞ւ ձեր խնդիրներն ինքնուրույն չեք ուզում լուծել, ինչո՞ւ եք «ասիացների» նման խուսափում պատասխանատվությունից: Իսկ եթե դիմում եք «կայսրին», «Ալեքսանդրին», ապա պետք է ընդունեք, որ անկախությունը դեռ ձեր հագով չէ, եւ ուրեմն պետք է խոսենք մետրոպոլիա-գուբերնիա հարաբերության մասին: Դժվար է նույնիսկ պատկերացնել, որ այս կարգի տարրական բաներ կարող են չհասկանալ մարդիկ, որոնք հավակնում են լուրջ դերի: Ավելի դժվար է գիտակցել, որ սա կարող են չհասկանալ մարդիկ, որոնք ներկայացնում են իշխող ուժը:

Սերժ Սարգսյանի վարչակարգը վերջնականապես խճճվել է ինքն իր հյուսած՝ իբր շատ խորամանկ, բայց իրականում գավառական մակարդակին հարիր ցանցում: Միմիայն սեփական իշխանությունը պահելու նպատակը, այլ ոչ թե պետական շահերը սպասարկելուն ուղղված արտաքին քաղաքականությունը հասել է այնպիսի խղճուկ մի հանգրվանի, որ ՄՊՀ մի դեկանի տեղակալի համառոտ պատասխանը բավական է համարվում հակադարձելու համար «ցարին» հաճոյանալու գեղական փորձերին: Եթե մինչեւ վերջերս կարելի էր խոսել արտաքին քաղաքականության կոպիտ սխալների, չհաշվարկած քայլերի մասին, ապա այսօր արդեն կարող ենք փաստել քաղաքականության բացակայությունը, որովհետեւ ողջ այս նամակագրության պատմությունը ոչ այլ ինչ է, քան հրաժարում անկախ պետությանը վայել դիվանագիտությունից եւ վերադարձ դեպի գաղութի կարգավիճակ ունեցող համայնքի՝ խնդրագրեր՝ աշխարհի մեծերին: Հատկանշական է նաեւ, որ 80-ականների վերջի օդիոզ ռուսախոս գործիչներից մեկի «արեւմտամետ» լավաշներն ի վերջո վերածվեցին նույն ծագման ու նույն թվականների մեկ այլ գործչի շուրթերով գրվող «ռուսամետ» լավաշների: Անհամարժեքությունը ծնեց անհամարժեքություն, եւ դժվար է կանխատեսել, թե ինչ սահմանի այն կարող է հասնել:

 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կրճատեք ստվերը` բարձրացրեք աշխատավարձերը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Փոստանջյանը չի կորցնում հույսերը’