‘Խմբագրական. Ժողովուրդը թացը չորից տարբերում է ‘

2419

Եթե մի պահ վերանանք քաղաքական, քաղաքացիական, իրավական, տնտեսական, արտաքին քաղաքական ոլորտների տեսանկյունից եւ փորձենք ընդհանրացած` ժողովրդական լեզվով, մատչելի-կենցաղային բնորոշում տալ այն հարցին, թե ինչո՞ւ հանրությունը չի վստահում Հայաստանի իշխանություններին (կամ` այս կամ այն քաղաքական ուժին), ապա կարող ենք երկու բառով այսպես ձևակերպել. կա ապրելու ու սկզբունքներ հռչակելու տարբերություն, ժողովրդական լեզվով ասած` խոսքի եւ գործի տարբերություն:

Անշուշտ, հասարակության շրջանում ընդունելի դառնալու ու երկար ժամանակ այդ պատվանդանից չիջնելու համար այլ գործոններ էլ են պետք, սակայն նշված գործոնը, թերեւս, այն ենթագիտակացական հիմքն է, որն ապահովում է մյուս բոլոր գործոնների համակցված կենսագործունեությունը: Ժողովուրդն, անշուշտ, միատարր չէ, քաղաքականությունն ու քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները ամեն մեկն ընկալում է ըստ իր պատկերացումների, բայց ենթագիտակցության մակարդակում նրա ընկալումները տարբերվում են գիտակցականից, եւ այդ առումով` ավելի ընդհանրական են: Գիտակցականում նա կարող է անհամաձայնություն ունենալ որեւէ քաղաքական տեքստի, մտքի, գործչի առաջ քաշած թեզերի ու նախաձեռնությունների հետ, բայց դա դեռ ամենեւին չի նշանակում, որ մարդը բացասական կտրամադրվի գործչի գործի հանդեպ` հենց այնպես, ապրիորի: Բացասական` ենթագիտակցական տրամադրվածությունը հիմնականում սկսվում է այլ տեղից. արդյո՞ք դու ապրում ես այն սկզբունքներով, որոնք հռչակել ես որպես գերակա՝ քաղաքական կյանքում:

Այսինքն՝ արդյո՞ք քո հրապարակային ու «ստվերային» կյանքը նույն սկզբունքով են կառուցված, թե՞ դրանք լիովին տարբեր` իրար հետ չառերեսվող բաներ են:

Դիցուք` եթե դու հրապարակավ քեզ կոռուպցիայի դեմ պայքարի առաջնամարտիկ ես հռչակել, արդյո՞ք ինքդ կոռուպցիոներ չես: Ընդ որում՝ հաճախ էական էլ չէ, թե սկզբունքի հռչակման ու իրական կյանքում դրսեւորած վարքի տարբերությունը ինչ չափի է (այսինքն, կոռուպցիայի դեպքում` դու ամսական որքան կաշառք ես վերցնում եւ ումից). ենթագիտակցությունը հենց դրանով է ենթագիտակցություն, որ կատարվածը ոչ թե վերլուծում է ըստ իրավիճակի ու չափի, այլ տալիս է անմիջապես զգայական արձագանք:

Հենց սա է պատճառը, որ իշխանությունները Հայաստանում (եւ ոչ միայն նրանք)  որեւէ կերպ չեն ընդունվում հասարակության կողմից:

Ի դեպ, տեսականորեն՝ անգամ կեղծված ընտրություններով իշխանության եկած անձը կամ իշխանական թիմը կարող է ժամանակի ընթացքում որոշակի  կամ նույնիսկ ամբողջական լեգիտիմություն ձեռք բերել: Կամ, ավելի ճիշտ կինի ասել` վաստակել: Այդ ճանապարհին շատ կարեւոր է, որ մարդու խոսքն ու կյանքը չտարբերվեն: Կարելի է կեղծված ընտրություններից հետո վարել այնպիսի քաղաքականություն (արտաքին, ներքին, տնտեսական եւ այլն), որ աստիճանաբար ժողովրդի մոտ վստահություն ձեռք բերես:

Բայց երբ, օրինակ, Սերժ Սարգսյանն ասում է, թե ինքը, Տիգրան Սարգսյանի ձեռքը բռնած, պայքար է սկսում կոռուպցիայի դեմ, նրան չեն հավատում, որովհետեւ գիտեն, որ նրա հրապարակային խոսքը որեւէ աղերս չունի նրա վարած կյանքի հետ, այլ կերպ ասած` կոռուպցիան հենց ինքն է որ կա` Տիգրան Սարգսյանն էլ վրադիր, եւ հետեւաբար՝ անգամ առաջին վայրկյաններին ոգեւորվածներ չեն լինում:

Անշուշտ, քաղաքականության մասին ժողովրդի ունեցած պատկերացումները հաճախ կենցաղային մակարդակից անդին չեն անցնում, եւ, անկեղծ ասած,  որեւէ մեկն իրավունք էլ չունի պահանջել ՀՀ բոլոր քաղաքացիներից  տարբերակել աջերի գաղափարախոսությունը ձախերից, կենտրոնամետներին` ազգայնականներից, որովհետեւ դա գործնականում անհնար է: Բայց երբ պահը գալիս է, ժողովուրդը կարողանում է տարբերակել թացը չորից: Ու եթե հաշվի առնենք իշխանությունների՝ տարիներ շարունակ վարվող տոտալ քարոզչական գրոհն ընդդեմ հասարակության («մուտիտների», կեղծ օրակարգերի, շեղող հնարքների պարտադիր ատրիբուտներով հանդերձ) ապա ժողովրդի ռեակցիան կարելի է ինչ-որ տեղ նաեւ հերոսական անվանել: Մենք այն կարող ենք անվանել ենթագիտակցություն, ոմանք` «նյուխ», բայց անկախ նրանից, թե ինչպես կանվանենք այդ «զգայարանը», այն հիմնականում գործում է անշեղորեն:

Հիմնական թիրախը

Գաղտնիք չէ, որ իշխանությունների հիմնական քարոզչական թիրախը մշտապես եղել է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը` թե՛ նրա հրաժարականից հետո, թե՛ մեծ քաղաքականություն վերադառնալուց սկսած: Զուգահեռաբար՝ իշխանությունը շարունակել է բուծել սեփական ընդդիմադիր քաղաքական գործիչներին, որոնց հերթով` ինչ-ինչ քաղաքական հանգամանքներում, պայթեցրել է` նպատակ ունենալով «արմատավորել» այն տեսակետը, թե տեսեք` չկան իրական ընդդիմադիրներ, չկան իշխանություններից անկախ գործող գործիչներ, բոլորն էլ նույնն են, իրար հետ փոխկապակցված ու համագործակցող, եւ նրանք, ովքեր այսօր հայհոյում են իշխանություններին, եթե ոչ այսօր, ապա վաղը կամ մյուս օրը, միեւնույն է, բացահայտվելու են ու անցնելու են իշխանությունների կողմը: Բայց քանի որ, ինչպես արդեն նշեցինք, ժողովուրդը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մի զգալի մասով, ենթագիտակցաբար կարողանում է թացը չորից տարբերակել, իշխանությունների գրոհը կարելի է ապարդյուն համարել:   

2008-ի գաղտնիքը

Որքան էլ շատերը պնդեն, թե 2008-ի Համաժողովրդական շարժումը պայմանավորված էր հիմնականում նրանով, որ ժողովուրդն ուղղակի զզվել էր այս իշխանություններից, եւ նրան ուղղակի մի առիթ էր պետք այդ վերաբերմունքը պարպելու համար, թերեւս`հիմնական դրդապատճառները պետք է այլ տեղ փնտրել: Առավելեւս, որ դրանից ընդամենը ամիսներ առաջ նման առիթ ժողովուրդն ունեցել է` ԱԺ 2007-ի ընտրություններից հետո: Անկասկած, ժողովրդի վերաբերմունքը նախագահական ու ԱԺ ընտրությունների հանդեպ միշտ էլ տարբեր է եղել, բայց թերեւս ոչ այնքան, որ մի դեպքում դրսեւորվի գրեթե կատարյալ անտարբերություն, իսկ մյուս դեպքում` համաժողովրդական լայն ընդվզում: Եթե ժողովուրդն իսկապես հավատար իր դեմ կիրառված քարոզչական տեռորին՝ թե առաջին նախագահն էլ թալանել ու հարստահարել է իրենց, որ վերից վար արմատացած կոռուպցիան արմատախիլ անելու մասին հայտարարող առաջին նախագահը իրականում ինքն էլ կոռուպցիոներ է, երբեք դուրս չէր գա հրապարակ: Սակայն 2008-ին ժողովրդի հավաքական ենթագիտակցությունը հաղթեց իշխանական քարոզչական տեռորին:

Ավելին, այն, որ առաջին նախագահը, 2008-ին, թեկուզ եւ դե յուրե չվերցնելով իշխանությունը, որը դե ֆակտո իրենն էր, կարողացել է ստեղծել ինստիտուցիոնալ քաղաքական ուժ, եւ մինչ այս պահը որպես հիմնական ազդեցիկ գործոն մնալ ընդդիմադիր քաղաքական դաշտում, հենց վերը նշված տողերի ապացույցն է: Անկասկած՝ այս բոլոր տարիների ընթացքում իշխանությունները ձեռքերը ծալած չեն նստել եւ ամեն ինչ արել են ընդդիմադիր հիմնական ուժը մասնատելու համար, եւ որոշակի հանգամանքներում դա նրանց հաջողվել է: Բայց մի բան աներկբա է. երբ լիդերի (իմա՝ նաեւ նրա շուրջ հավաքված հիմնական գործիչների) կենսագրությունն անաղարտ է, նրա ղեկավարած քաղաքական ուժում ընդգրկված որոշ անձանց վարքը (ժողովրդական լեզվով ասած` լիդերի լայն շրջապատը) չի կարող ազդել զանգվածների` լիդերի հանդեպ ունեցած վստահության վրա: Եթե դա այդպես չլիներ, ապա վստահ եղեք, որ իշխանությունների սեւ PR-ի հիմնական մեխը կլիներ ոչ թե Կոնգրեսին, իմա՝ նախագահ Տեր-Պետրոսյանին ռուսամետության մեջ մեղադրելը (իսկ փորձը ցույց է տվել, որ աշխարհաքաղաքական կողմնորոշումների հարցում հնչեցված մեղադրանքները շատ ավելի թույլ արձագանք են ստանում հասարակության շրջանում), այլ ժողովորդի համար ավելի առարկայական, ընկալելի մեղադրանքներ հնչեցնելը՝ այն է, թե նրա քաղաքական դաշտում հնչեցված սկզբունքներն ու անձնական վարքն անհամատեղելի են: Եթե մեկ փաստ գոնե ունենային, վաղուց հնչեցրած կլինեին այդ մեղադրանքը:

Ինչո՞ւ` ոչ մյուսները

Իշխանական քարոզչական մեքենան, ինչպես նշեցինք, փորձում է զուգահեռաբար սեփական արտադրության ընդդիմադիրներ բուծել ու նաեւ այդ հարցում հատկապես օգտվում է այն անձանց «ծառայություններից», ում ժամանակի ընթացքում պայթեցրել է: Բայց քանի որ մյուս կողմում ունենք սկզբունքների եւ վարքի անսասան համատեղելիություն, այս պարագայում պայթեցված անձանց վարքի հանդեպ ժողովրդի ենթագիտակցական վերաբերմունքը հենց այդ անձանց հանդեպ է դրսեւորվում: Միա՛յն:

Անկախ այն հանգամանքից` ում են իշխանությունները քարոզչական աստղ դարձնում, ում են փորձում ներկայացնել որպես «անաղարտ» ընդդիմադիր՝ երբ գալիս է իքս պահը (իսկ մեր պարագայում դա հիմնականում հանրահավաքը կարելի է համարել), պարզ երեւում է ժողովրդի վերաբերմունքը: Հանրահավաքը ժողովրդի վերաբերմունքի միակ առարկայական դրսեւորումն է, որն իշխանությունները չեն կարողանում կեղծել, անգամ՝ եթե դրանից առաջ ձեռնարկում են բոլոր միջոցները` հնարավորինս սահմանափակելու համար մարդկանց տեղաշարժը: Հենց դա է պատճառը, որ նրանք, ովքեր վերջին տարիների ընթացքում «լքել են» Կոնգրեսը, մինչ այս պահը որեւէ անգամ հանրահավաք նախաձեռնելու խիզախություն չեն ունեցել: Նախաձեռնելու համարձակություն չեն ունենա նաեւ նրանք, ում իշխանությունները կարող են պայթեցնել ավելի ուշ:  

Հետեւաբար՝ նրանք, ովքեր կարծում են, թե կարելի է քաղաքական դաշտում միաժամանակ ե՛ւ հաճույք ստանալ, ե՛ւ կույս ձեւանալ, դատապարտված են: Ժողովուրդն ամեն ինչ զգում է: Եթե չի էլ զգում` իմանում է: Հայաստանը փոքր երկիր է, մի՛ մոռացեք:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘ Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետին կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը’
Հաջորդ հոդվածը‘Հիմա էլ ոստիկանները շախմատ են խաղում’