‘Խմբագրական. Նախանձելի հանդուրժողականությունն է թագավորում «վճռական հեղափոխականների» ճամբարում’

2024

Հայաստանյան քաղաքական ներկապնակը ժամ առ ժամ պարզունականում է այնքան, որ նույնիսկ դրա մասին բարձրաձայնելն է աննպատակահարմար դառնում հենց բարձրաձայնողների համար, քանի որ պարզունակ իրավիճակի վերլուծությունն էլ է, ի վերջո, պարզունակ ստացվում` անկախ այն բանից` վերլուծողն ինքը պարզունակ է, թե` խորիմաստության կարկառուն նմուշ:

Ի՞նչ է կատարվում: Նույնը` ինչ որ կատարվում էր մեկ ամիս առաջ, մեկ տարի առաջ, երեք տարի առաջ, հինգ տարի առաջ… Պարզապես իշխանության բեմադրած քաղաքական «թամաշաների» վարագույրները պատառոտվել` ծվեններն են մնացել, եւ հասարակության աչքից այլեւս դժվար է թաքցնել կուլիսներում ընթացող առեւտուրը: Հուշարարի ձայնն էլ այնքան է խռպոտել, որ ոչ միայն իրենց ստանձնած դերը կատարողների ականջներն է սղոցում, այլեւ` հանդիսատեսների:

Կատարված փաստ է, եւ դժվար թե որեւէ մեկը համարձակվի հերքել, եթե, իհարկե, կարմրելու հատկությունը դեռ պահպանում է. շուտափույթ հաղթանակի, ուրեմն եւ` ապագա իշխանությանը մաս կազմելու նպատակով 2008-ին Հայ ազգային կոնգրեսին միացած եւ հետագայում Կոնգրեսից հեռացած կուսակցություններն ու անհատները, որոնց մեծադղորդ դժգոհությունների մեխն այն էր, որ Շարժման առաջնորդը վճռական չէ, չի ուզում հեղափոխություն անել, կասեցնում է իրենց արծվային հաղթական ճախրանքը` այդպես էլ խոսքից գործի չանցան: Ավելին` սկսեցին ռեւերանսներ անել Սերժիկ Սարգսյանի առաջ:   

Թե այս մարդկանցից ով` որտեղ է հիմա, թե սրանցից ով` ինչով է զբաղված, ով է այստեղ «ճախրում», ով` արտերկրում, փոքրիկ Հայաստանում գաղտնի չի մնում` բոլորն էլ գիտեն:

Սակայն մեկ կարեւոր հանգամանքի գրեթե ուշադրություն չի դարձվում: Երբ այս մարդիկ շարվեշարան սկսեցին լքել Կոնգրեսը, հասարակության մի հատված, ըստ երեւույթին` Կոնգրեսը լքողների նման «հեղափոխականները» եւ «վճռականները», առանց չափազանցության` երկինքը պատռող օվացիաներով էին դիմավորում սրանց: Ինչե՜ր տեսանք եւ լսեցինք, ինչպիսի՜ սրտակեղեք ներբողներ կարդացինք մերօրյա հերոսների մասին` առ այն, թե որքան խիզախ եւ անձնազոհ են այս մարդիկ, որ համարձակվեցին հեռանալ Կոնգրեսից, որ չվախեցան, որ զոհաբերեցին ամեն ինչ… Ինչի՞ց չվախեցան, ի՞նչ զոհաբերեցին: Ընդդիմադիր շարժումը լքելը համարձակությո՞ւն է, խիզախությո՞ւն է, անձնազոհությո՞ւն է: Երբվանի՞ց: Այս հարցերը խլացան «էժանագին բաժակաճառերի» աղմուկի մեջ, եւ Կոնգրեսը լքողները «համեստորեն» մի կուշտ վայելեցին հերոսի շատ հաճելի «մասնագիտությունը»:

Չէին տեսել պատից կախ, մեկ էլ հանկարծ տեսան ճակատից կախ:

Հետո՞: Հետո, իհարկե, այս հերոսները հեղափոխություն չարեցին, ոչ էլ նույնիսկ` վճռականության գոնե թույլ նշաններ ցույց տվեցին: Շարունակեցին ու շարունակում են «անձնազոհաբար» քննադատել Հայ ազգային կոնգրեսին, եւ ոչ մի նախանշան չկա, որ այդ «սուրբ գործից» բացի` այլ բան էլ են անելու:

Հասանք վերոգրյալ անուշադրության մատնված «կարեւոր հանգամանքին»: Այն մարդիկ, ովքեր օվացիաներով էին դիմավորել սրանց, ովքեր հեղափոխության ծարավի էին եւ, կարծես, իրենց հույսը կապում էին սրանց հետ, Կոնգրեսից հիասթափված էին ու վերջապես գտել էին նրանց, ովքեր իրենց պետք է տանեին դեպի լուսապայծառ ապագա`այդպես էլ հաշիվ չպահանջեցին իրենց «հերոսներից» ու մինչ օրս էլ չեն պահանջում: Այն ճռճռան բառապաշարը, որն ասպարեզ էին նետել ընդդեմ «անվճռական» Կոնգրեսի, այդպես էլ չօգտագործվեց նրանց դեմ, ում հետ պատրաստվում էին «վճռականորեն» պայքարել բարիկադների վրա: Հաշտ ու խաղաղ ապրում են իրենց հերոսների կողքին: Շարունակում են սրանց զուռնայի հնչյունների տակ «դամքաշություն» անել: Ավելին, սրանց սերժիկահաճության թաքուն կամ անթաքույց ռեւերանսներն ամեն գնով փորձում են արդարացնել: Չափազա՛նց ապաշնորհ ճիգերով:

Եվ ամենակարեւորը` շարունակում են նույն «անձնազոհությամբ» մեղադրել «անվճռական» Հայ ազգային կոնգրեսին:

Սա անմեղսունակությա՞ն դրսեւորում է, թե՞ չափազանց պարզունակ առեւտուր է իշխանությունների հետ:

Դատեք ինքներդ:         

   

Նախորդ հոդվածը‘Ծխախոտների գները բարձրացել են 5-7 տոկոսով. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ձկան որսագողության հերթական դեպքը.Մարտունիում բացահայտորեն վաճառվում է սիգ’