‘Խմբագրական. Ռևերանսների ժամանակը վաղուց անցել է, պարոնա՛յք’

2154

Ակնհայտ է և արդեն քանիցս գրվել է, որ ծաղկաձորյան վերջին «սխոդկայի» շարժառիթը Սերժիկ Սարգսյանին պատած անհանգստությունն է: Իր կուսակիցների անվերապահ կամակատարության հաստաբեստ պատը ճաք է տվել, և Հայաստանի նախագահի աթոռը զավթողը «երես-բերես»-ի սեանս էր կազմակերպել` տատանվողներին ապացուցելու համար, որ իր «բերանումը դեռ շունչ կա»:

Ազգային ժողովի վերջին նիստում հանրապետականների անսքող լկտի պահվածքը վկայեց, որ այս անգամ Սերժիկ Սարգսյանին հաջողվել է ներշնչել իր պատեհապաշտ շրջապատին, թե դեռ «մահամերձը ժաժ է գալիս», և որ ինքը «սարի պես» կանգնած է սրանց ցանկացած ապօրինության ու հանցագործության թիկունքին: Բայց բոլորն էլ հասկանում են, առավել ևս` իր հենարան կուսակիցների բարոյական նկարագրին մինչև ուղնուծուծը ծանոթ Սերժիկ Սարգսյանը, որ «վերջի(ն) բոլշևիկների» շարքերում ցեց է ընկել, և ԱԺ-ում սրանց բեմադրած, այսպես կոչված, ինքնավստահության ցուցադրությունը զավեշտալի թամաշա է, որը ցանկացած պահի կարող է էժանագին ու լալահառաչ մելոդրամայի վերածվել, եթե թեկուզ մեկ պատգամավոր որոշի բազում հանցագործությունների բեռան տակ ճկռած իշխող կուսակցության շարքերը լքել` հետագայում սեփական կաշին փրկելու ու Հայաստանը գրեթե անելանելի վիճակի հասցնելու համար «խմբակային» պատասխանատվությունից խուսափելու հույսով:

Իսկ թե երբ կդրվի առնետավազքի շղթայական ռեակցիայի հիմքը, մեծապես կախված է ոչ միայն այն ցեցից, որն սկսել է կրծել հանրապետականների որդնոտած արմատը, այլև` ոչ իշխանական ուժերի հետագա կեցվածքից: Եվ առնվազն տարօրինակ է, որ իշխող կուսակցության բոլոր հանցագործություններին քաջատեղյակ այս ուժերի շարքերում դեռևս մարդիկ կան, որոնք իրենց խորհրդարանական ելույթներում պատեհ-անպատեհ ընդգծում են, թե ինչպես և ինչքան են հարգում հանրապետական մեծամասնությանը, և որ իրենք դեռ սպասում են հուսավառ հավատով, որ ահա այս խմբակը, որը սառնասիրտ ամբարտավանությամբ ու չարչու այսրոպեական հաշվարկներով մեր երկիրը հասցրել է «լինել-չլինելու» սահմանագծին, մեկ էլ մի հրաշքով կսթափվի ու ընդդիմության հետ թև թևի` կսկսի արդար Հայաստան կառուցել: Ու՞մ են խաբում այդ մարդիկ «բարեկրթության» նման տեսարաններով: Հասարակությա՞նը: Բացառվում է: Անհնար է, որ այս հռետորներն այնքան միամիտ լինեն, որ չհասկանան` Հայաստանի քաղաքացիները վաղուց ի վեր նման կեղծ պատրանքներով չեն սնվում: Անհնար է նաև, որ չգիտակցեն` եթե հանկարծ հրաշք պատահի, և ավազակախումբը, ի շահ պետության ու հասարակության՝ փորձի նույնիսկ կեսքայլ իրականացնել, դա նույնն է, որ սեփական ձեռքով ստորագրի մահվան հավասար իր դատավճիռը:

Ուրեմն, ինչի՞ համար են այդ տարօրինակ ու բացարձակ հիմնազուրկ ռևերանսները: Ինչպե՞ս է հնարավոր, որ Հայաստանի ճակատագրով իրապես մտահոգ մարդիկ հարգեն նրանց, ում իշխանության օրոք Լեռնային Ղարաբաղի խնդիրը դարձել է Հայաստանի նվաստացման խաղաքարտ, հոշոտվել ու վաճառվել են մեր պետության գրեթե բոլոր ռեսուրսները, մի խումբ թալանչիներ ապրում են փադիշահի նման, և դրա ֆոնին արտագաղթն ու աղքատությունը հասել են ահռելի չափերի, իսկ արյունռուշտ մարդասպաններն էլ անպատիժ ապրում են ազատության մեջ և իրենց կամքը թելադրում հասարակությանը: Իսկ ավելի կարճ` ինչպե՞ս է հնարավոր, որ մահապատժի ենթարկվող անմեղը հարգի այն դահճին, որը գիտի` դիմացինը հանցանք չի գործել, բայց ձեռքը չի դողում ու չի դողալու, և ուր որ է` կացնի մեկ հարվածով զրկելու է այդ անմեղին ապրելու իրավունքից:

Կորսված ամեն օրն ու ժամը երկարաձգում են Հայաստանի դահիճների գործունեությունը, և որքան էլ անխուսափելի է սրանց արժանի պատիժը, նույնքան էլ հետագայում դժվար է լինելու մեր երկրի վերածնունդը, եթե որոշ «հավատավորներ» անվճռականության այս «հոգեպարար» ներկայացումները շարունակեն նույն ոգով:

Ռևերանսների ժամանակն անցել է վաղուց, շա՛տ վաղուց, պարոնա՛յք:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘«Սպարտակը» Գերմանիա է մեկնել առանց Մովսիսյանի’
Հաջորդ հոդվածը‘Վերաքննիչն անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով նախորդ ատյանի վճիռը ‘