‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի թամաշան եւ յուր խամաճիկները’

3230

Եվ այսպես, Սերժիկ Սարգսյանը հայկական հեռուստաալիքները ողողած ցածրաճաշակ սերիալների մակարդակի թամաշայի բեմադրիչ է դարձել եւ իրար հետեւից եթեր է հեռարձակում զանգուլակավոր պատմություններ այն մասին, թե ինչպես` ինքն այնքան էլ կողմնակից չէ սահմանադրական փոփոխությունների, բայց քաղաքական մի շարք հզոր ուժեր համառում են, իսկ ինքն էլ, բոլորս գիտենք, առաջնորդվել եւ առաջնորդվում է միմիայն հանրային կարծիքը վեր դասելով ամեն ինչից, ու դրա համար էլ, կարծես, կամաց-կամաց սկսել է համոզվել, որ իրոք` սահմանադրական փոփոխություններն օդուջրի պես անհրաժեշտ են Հայաստանին:

Այդ ի՞նչ հզոր ուժեր են, որոնց թիկունքին ամուր կանգնած է Հայաստանի հանրությունը: Մի հազարամյա, ներեցեք` հարյուրքանիամյա կուսակցություն է, որի ղեկավարությունը «կոալիցիա» բառը լսելիս մշտապես ծնկների թուլություն է զգացել («Չգիտեմ` ինչու է այդպես»), եւ մեկ էլ` հնչեղ անուններով, այսպես կոչված՝ կուսակցություններ են, որոնց մեծ մասը կարվել-կարկատվել է այլ ուժերից պոկված բեկորներից: Հետո այս բեկորները փշուրներ են դարձել, եւ փշուրներից էլ շուլալվել են նոր, այսպես կոչված՝ կուսակցություններ, որոնց՝ մատների վրա հաշվվող անդամները հանրության հետ «սերտորեն» շփվում են իշխանությանը անթաքույց կամ «մթության քողի տակ» ծառայող լրատվամիջոցների օգնությամբ, երբ հույժ անհրաժեշտություն է ծագում խստորեն քննադատել վաղուց ի վեր «գոյություն չունեցող» Հայ ազգային կոնգրեսին եւ նրա առաջնորդին` Հայաստանն ահա այսպիսի ծանրագույն վիճակի հասցնելու համար:

Սա չափազանցություն չէ, նույնիսկ` մեղմ գույներով ներկայացրի այն «քաղաքական» անցուդարձը, որի ականատեսն ենք բոլորս:

Թե հանրության համար քանի լումա արժեն այս «ընդդիմադիր» կուսակցությունները, Սերժիկ Սարգսյանին կից Հանրային խորհրդի «նախագա»-ն, հանրապետականների ցուցակով Ազգային ժողով խցկված երկուսից երեք, քարը տրաքի` չորս անդամ ունեցող «կուսակցությունների» ոչ անհայտ կուսակցապետերը, կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ Սերժիկ Սարգսյանը որոշել է իր բազմասերիանոց սերիալի համար դարչնաերկնագույն «բնանկար» ապահովել, եւ այս «հզոր» ուժերը` խանդավառված, որ վերջապես իրենց դեր է վստահվել այդ թամաշայի մեջ, հոնորար էլ` ոնց էլ լինի` կստանան, որովհետեւ Սերժիկ Սարգսյանի ձեռը հո քարի տակ չի, ահա՛ լծվել են Հայաստանը կործանումից փրկելու միակ ելքը` սահմանադրական փոփոխությունները գովերգելու գործին:

Ի՞նչ ոչ լեգիտիմ նախագահ, ի՞նչ Մարտի մեկ, ի՞նչ տասը զոհ, ի՞նչ տասն անմեղ զոհերի մարմինների վրայով Բաղրամյան 26 հասած զավթիչ, ի՞նչ հարյուրավոր քաղբանտարկյալներ, ի՞նչ բռնություններ բողոքի ելած խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ, ի՞նչ հրեշավոր չափերի կոռուպցիա ու արտագաղթ, ի՞նչ վայրի կապիտալիզմ, ի՞նչ կամակատար ու ծախու դատական համակարգ, ի՞նչ աղքատություն ու թշվառություն… Չկա՛ն նման բաներ, կա մի շատ բարի պախան, որը պատրաստ է Հայաստանը դրախտ դարձնել վերոթվարկյալ «հզոր» ուժերի հետ ձեռք ձեռքի, եւ այդ դրախտային Հայաստանի շռնդալից ընթացքն արգելակողը Սահմանադրությունն է, որի բոլոր օրենքները «սրբորեն» կատարել է իշխող կուսակցությունը, բայց, ավաղ, այդ նենգ Սահմանադրությունը, պարզվում է, այնքան վատն է, որ հենց սկսում ես կատարել իր «հրահանգները», մեկ էլ տեսնում ես` երկիրը գահավիժեց անդունդը:

Վերջին օրերին այսպիսի էժանագին թամաշայի ակամա հանդիսատեսն է դարձել Հայաստանի հանրությունը, որի անունից ինչ-որ խամաճիկներ ճռճռան հայտարարություններ են անում, ծալծլվում են գլխավոր բեմադրիչի ոտքերի առջեւ, ճենճահոտ ժպիտներ են փոխանակում եւ սպասում ծափահարությունների:

Ումի՞ց: Այս ամենին զզվանքով, ատելությամբ ու արգահատանքով հետեւող Հայաստանի քաղաքացիներից:

Իսկ թե ինչ կստանան ծափահարությունների փոխարեն` սուլոցներ, թե հոտած լոլիկների հարվածներ, կապրենք` կտեսնենք:

Լիզա Ճաղարյան

 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Տեռոր, տեռոր մինչեւ վերջ’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ». «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը շարունակում է գտնվել ուշադրության կենտրոնում’