‘Խորհրդարանական «լավագույն» ծեծկռտուքները (տեսանյութեր)’

1446

Երեկ Թայվանի խորհրդարանում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել, որին մասնակցել են տասնյակ պատգամավորներ: Բանն այն է, որ իշխանամետ պատգամավորները փորձել են ամբիոնից հեռացնել ընդդիմախոսներին, ովքեր խոչընդոտել են նոր ԱԷԿ-ի շինարարության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու որոշման ընդունմանը: 

 

Նույնպիսի ծեծկռտուք հաճախ է տեղի ունենում նաև Հարավային Կորեայի Ազգային ժողովում: Ամենամեծ ծեծկռտուքը տեղի է ունեցել 2009 թ. հուլիսին, երբ ընդդիմությունը փորձում էր խափանել հեռուստաընկերությանը վերաբերող հարցի քվեարկությունը: Այս անգամ ամբիոնը գրավել են իշխող կուսակցության պատգամավորները, իսկ նրանց ընդդիմախոսները, փորձելով «ազատագրել» ամբիոնը, բառի բուն իմաստով՝ գրոհում են գլուխների վրայով: 

 

Ավելի դաժան է Վենեսուելայի խորհրդարանում 2013 թ. ապրիլին տեղի ունեցած «մարտը»: Բախումն սկսվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր չէին ընդունում նույն ամսին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, թույլ չեն տվել ելույթ ունենալ: 

 

Ոչ պակաս ռազմաշունչ  են նաև հարևան Բոլիվիայի օրենսդիրները: 2007 թ. օգոստոսին նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցներն ու հակառակորդները կոնգրեսի ստորին պալատն իսկական ռազմադաշտի էին վերածել, որի համար առիթ էր ծառայել այն, որ իշխող կուսակցությունն ուզում էր պաշտոնանկ անել սահմանադարական դատարանի դատավորներին, ովքեր հրաժարվել էին ենթարկվել իշխանություններին: 

 

Մակեդոնիայի Ժողովի պատգամավորները նույնպես ոչնչով չեն զիջում իրենց  գործընկերներին՝ 2012 թ. փորձելով թույլ չտալ հաջորդ տարվա բյուջեի  ընդունումը: Սակայն անվտանգության աշխատակիցների օգնությամբ հաջողվել է շատ արագ դահլիճից դուրս բերել ընդդիմադիր պատգամավորներին: 

 

Ծեծկռտուքից խուսափել չի հաջողվել անգամ ամերիկյան օրենսդիրներին: 2007 թ. հունիսին ընդհարում է տեղի ունեցել Ալաբամա նահանգի սենատի անդամների միջև: Հանրապետական սենատորը հարվածել է իր դեմոկրատ գործընկերոջը, որը, հարվածողի խոսքով՝ աշխատանքային վեճի ընթացքում իրեն «շան որդի» է ասել: 

 

Ի դեպ, հաճախ քաղաքական գործիչների միջև բախումներ են տեղի ունենում նաև խորհրդարանից դուրս: Այսպես, 2012 թ. հունիսին Հունաստանի արմատական կուսակցության ներկայացուցիչն ուղիղ եթերում հարձակվումէ մրցակից կուսակցության երկու կին-անդամների վրա: Առաջինի վրա նա ջուր է շփում, իսկ երկրորդի գլխին հարվածներ է տեղում: Բանն այն է, որ կանայք նրան հիշեցնում են իր քրեական անցյալի մասին: Չնայած ձերբակալման օրդերին՝ հարձակվող քաղաքական գործիչը մնացել է ազատության մեջ և ինքն է դատի տվել իր երկու զրուցակցուհիներին, ինչպես նաև՝ այն հեռուստաընկերությանը, որի տաղավարում տեղի է ունեցել միջադեպը: 

 

Ավելի աղաղակող դեպք է տեղի ունեցել 2012 թ. հուլիսին Հորդանանում՝ Սիրիայի պատերազմին նվիրված հեռուստաշոուի ժամանակ: Պատգամավորի և նրա զրուցակցի՝ իրավապաշտպանի միջև ծեծկռտուքն սկսվում է այն բանից հետո, երբ իրավապաշտպանն օրենսդրին մեղադրում է գողության մեջ: Վրդովված պատգամավորը ոչ միայն բռունցքներով է հարձակվում  ընդդիմախոսի վրա՝ դրանից առաջ նրա ուղղությամբ շպրտելով կոշիկը, այլև ատրճանակ է հանում:

Ըստ lenta.ru-ի

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցիների կրակոցներից Ներքին Կարմիրաղբյուրում զինծառայող է վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Տնտեսական ծրագրերն իրականացնում են իշխանությունների հարստացման համար’