‘Խորվաթիան պաշտոնապես դարձավ Եվրամիության 28-րդ անդամ ‘

824

Այսօր՝ հուլիսի 1-ին Խորվաթիան պաշտոնապես դարձավ Եվրամիության 28-րդ անդամ-երկիրը։ Խորվաթերենն էլ իր հերթին դարձավ Եվրամիության 24-րդ պաշտոնական լեզուն:

Խորվաթիայի բնակիչները ԵՄ-ին անդամագրվելը տոնում են ամբողջ երկրում: Գլխավոր տոնական միջոցառումները տեղի են ունեցել Զագրեբի կենտրոնական հրապարակում, որտեղ հավաքվել էր շուրջ 20 հազար մարդ: Նրանց ողջունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:

Հուլիսի 1-ից Խորվաթիայի ներկայացուցիչները պաշտոնապես կսկսեն աշխատել ԵՄ-ի մարմիններում: Այսպես, Խորվաթիայի նախկին փոխվարչապետ Նեւեն Միմիցան կդառնա սպառողների իրավունքների պաշտպանության կոմիսար: Եվրախորհրդարանում Խորվաթիան ստացել է 12 տեղ (766-ից): Նաեւ հուլիսի 1-ից Զագրեբում ԵՄ-ի պատվիրակությանը կփոխարինի Եվրահանձնաժողովի ներկայացուցչությունը:

Եվրամիությանը անդամակցելու մասին պայմանագիրը Խորվաթիան ստորագրել էր 2011 թվականի դեկտեմբերին: 2012 թվականի հունվարին անցկացված հանրաքվեի ընթացքում երկրի բնակիչների մեծամասնությունը հանդես է եկել ինտեգրացման օգտին:

Նախորդ հոդվածը‘Այսօրվանից Սեւան կարելի է մեկնել էլեկտրագնացքով’
Հաջորդ հոդվածը‘Արիզոնայում զոհվել է 19 հրշեջ’