‘ԽՍՀՄ հավաքական — Աշխարհի հավաքական 3-3 (լուսանկարներ,տեսանյութ)’

2515

Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի կապակցությամբ այսօր իսկական ֆուտբոլային տոն էր «Հանրապետական» մարզադաշտում՝ համաշխարհային ֆուտբոլի հանրաճանաչ դեմքերի մասնակցությամբ: Այսօր հայ ֆուտոլասերները մեծագույն բավականություն ստացան՝ դիտելով ֆուտբոլի պատմությունում իրենց մեծ ավանդն ունեցած ֆուտբոլիստների գեղեցիկ խաղը: Եվ այսպես՝ միմյանց դեմ էին դուրս եկել ԽՍՀՄ և Աշխարհի հավաքականները:

Հանդիպումը ակտիվ սկսեցին ավելի երիտասարդ Աշխարհի հավաքականի ֆուտբոլիստները: Նախ Անջելո դի Լիվիոյի փոխանցումից Իվան Սամորանոն գլխի հարվածով բացեց  հաշիվը: Քիչ անց Ժան Պիեր Պապենը խփեց երկրորդ գոլը:

ԽՍՀՄ հավաքականը մի քանի փոխարինումներ կատարեց ու երեք Վալերիների՝ Գազաևի, Կարպինի ու Կեչինովի ջանքերով ակտիվացրեց խաղը: Հենց Գազաևն էլ գեղեցիկ կոմբինացիայից հետո խփեց առաջին պատասխան գնդակը: Այնուհետև Կեչինովի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը, և վրա հասած Խորեն Հովհաննիսյանը հավասարեցրեց հաշիվը: Մի քանի րոպե անց Հովհաննիսյանը հիասքանչ փոխանցում կատարեց ու Կեչինովը գրավեց դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ գրանցեց: Այնուամենայնիվ, Իգոր Բելանովը կարողացավ գեղեցիկ գոլի հեղինակ դառնալ ու առաջ մղել ԽՍՀՄ հավաքականին: Իսկ առաջին խաղակեսի վերջնամասում Իվան Սամորանոն դի Լիվիոյի փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց:

Երկրորդ կեսի սկզբում լեփ-լեցուն «Հանապետական» մարզադաշտի ծափահարությունների ներքո փոխարինվեց Խորեն Հովհաննիսյանը: Այս խաղակեսում թիմերը այդպես էլ չկարողացան գոլի հեղինակ դառնալ դարպասապահներ Օտար Գաբելիայի ու Ալեքսանդր ֆիլիմոնովի (ԽՍՀՄ) և Ստանիսլավ Չերչեսովի (Աշխարհի հավաքական) փայլուն խաղի շնորհիվ:

Արձանագրվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշվով:


Նախորդ հոդվածը‘Դանակահարություն «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրիի հանրահավաքի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ զինվորական դատարանը Պերմյակովին կդատի ՀՀ տարածքում ‘