‘Կանադահայերը կոչ են անում Շվեյցարիային բողոքարկել ՄԻԵԴ-ի վճիռը’

838

Կանադայի Հայ Դատի հանձնախմբի (ANCC) ներկայացուցիչները հանդիպել են Կանադայում Շվեյցարիայի դեսպան Ուլրիխ Լեհների հետ: Հանդիպմանը նրանք հայտարարել են, որ Շվեյցարիայի կառավարությունն իրավունք ունի բողոքարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը «Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Նրանք նաև հայտնել են կանադահայերի ու ողջ հայության խորը մտահոգությունն այն փաստի առնչությամբ, որ ՄԻԵԴ 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշումը փաստորեն չեղյալ է համարում շվեյացարական դատարանի 2007 թվականի որոշումը, որի համաձայն Դողու Փերինչեկը պետք է պատիժ կրեր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարիայի Քրեական օրեսնդրության համաձայն, PanARMENIAN-ի փոխանցմամբ, հայտնում է Asbarez-ը:

ANCC ներկայացուցիչները մատնանշել են մի շարք փաստացի ու իրավաբանական սխալները ՄԻԵԴ որոշման մեջ:

ANCC կոչ է արել Շվեյցարիային չնահանջել իր սկզբունքային դիրքորոշումից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատժի հարցում: «Բազմաթիվ գիտական ու փորձագիտական կարծիքներ կան, որոնք կարող են լուրջ հիմք ծառայել ՄԻԵԴ որոշման բողոքարկման համար, ինչը Եվրոպային ուղղված յուրօրինակ ուղերձ կլինի առ այն, որ Եվրոպական դատարանի դատավճռի ընդունումը ոչ միայն կխոչընդոտի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ նաև լուրջ հարված կլինի մյուս ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարին»,- հայտարարել է Հրայր Բասմաջյանը:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն վերաբացում է ընտրություններից հետո փակված գրասենյակները. «Ժողովուրդ»’