‘ԿԳ նախարարը չունի բացատրություն, թե ինչու է հաստատվել Մարտի 1-ի դեպքերը խեղաթյուրող դասագիրքը’

897

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Հայկական ժամանակի» թղթակցին տեղեկացրել է, որ բուհերի պատմության դասագիրքը, որը մի քանի օր է մեծ սկանդալի առարկա է դարձել, հաստատված է մինչև 2013ը՝ ներառյալ:

«Իմ հրամանով՝ այդ դասագրքի գործածությունը մինչև 2013–ի համար է սահմանված»,- ասել է նախարարը:

«ՀԺ» թղթակցի հարցին՝ այսինքն, 2013–ից սույն դասագիրքը շրջանառությունից հանվելո՞ւ է, Աշոտյանը պատասխանել է. «Վերջին երկու տարիներին մեզ մոտ բոլոր դասագրքերը հաստատվում են ժամկետով, նախկինում դրանք անժամկետ էին: Մենք մտցրեցինք ժամկետ՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ հատկապես բովանդակության վերանայման, լրամշակման խնդիրների պատճառով: 2013-ից հետո արդեն պատմաբանների, հեղինակների գործն է՝ նորից ներկայացնել դասագիրքը հաստատման, կամ՝ ոչ»:

«ԿԳ նախարարը, փաստորեն, չկարողանալով որևէ համոզիչ բացատրություն գտնել, թե ինչու է ԿԳՆ-ն հաստատել 2008-ի Մարտի 1-ի էջը խեղաթյուրող դասագիրքը, համարում է, որ ևս մեկ տարի ուսանողներին կարելի է իրականության հետ կապ չունեցող պատմություն հրամցնել»,- հավելում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Երիցյանը ներկայացրեց հարկային պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի դատարանները չեն հանձնվում’