‘Կենսաթոշակային հիմնադրամի կառավարման լիցենզիա ստանալու նպատակով 2 ընկերութուններ դիմել են ԿԲ’

929

«ԱՄՈՒՆԴԻ»  ընկերությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ դիմել է ՀՀ կենտրոնական բանկին` ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն ստեղծելու և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, նույն տեսակի հայտարարությամբ Կենտրոնական բանկին է դիմել նաև «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը («Տալանքս» խմբի անդամ)` «Տալանքս ասեթ մենեջմենթ» ընկերության հետ:

Նշենք, որ Հայաստանում կենսաթոշակային (ներդրումային) կամավոր հիմնադրամների կառավարման դեռևս միակ գրանցված կառավարիչն է «Կապիտալ Ասսեթ Մենեջմենտ» ՓԲԸ-ն: Ընկերությունը պետական գրանցումն անցել է 2012 թվականի հոկտեմբերի 18-ին, որի կանոնադրական կապիտալը կազմում է 210 մլն.դրամ (10 հազ դրամ անվանական արժեքով 21 հազար բաժնետոմս):

Հիշեցնենք, որ 2011 թվականից Հայաստանում ներդրվեց կենսաթոշակային կուտակային կամավոր համակարգը, իսկ 2014 թվականից այդ համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցներ կլինեն այն քաղաքացիները, ովքեր ծնվել են 1974 թվականի հունվարի 1-ից հետո (40-ից ցածր տարիք ունեցողները): Ըստ Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրինագծի, նվազագույն բազային կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի այդ «մինիմումի» 150%-ը: Ամսական պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, բացի այդ, ևս 5% կուտակային հաշվին կփոխանցի նաև պետությունը (բայց 25 հազ դրամից ոչ ավելի):

Նախորդ հոդվածը‘Ռիժկովը Լուկաշենկոյին խորհուրդ է տվել գործով զբաղվել, այլ ոչ թե «քիթը մտցնել» ղարաբաղյան հակամարտության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը և Վիկտոր Խրիստենկոն հուշագիր են ստորագրել’