‘ԿԽՄԿ ներկայացուցիչ. Ադրբեջանը տեղեկացրել է ԿԽՄԿ-ին Կարեն Պետրոսյանի մահվան մասին’

449

Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին այն մասին, որ օգոստոսի 7-ին պետական սահմանն անցած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանը մահացել է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Գործելով չեզոք միջնորդի իր մանդատի շրջանակներում` ԿԽՄԿ-ն կապի մեջ է գտնվում Հայաստանի իշխանությունների և մահացածի ընտանիքի հետ»,-նշել է Ամատունին: Նա նաև նշել է, որ համաձայն իր մանդատի, ԿԽՄԿ-ն հրապարակորեն չի մեկնաբանում կատարվածի մանրամասները: Նրա խոսքով, իր քաղաքականությամբ ԿԽՄԿ-ն հնարավորություններ է ստեղծում իշխանությունների հետ երկխոսություն վարելու համար`շարունակելու համար հակամարտության հետևանքով տառապող մարդկանց աջակցելու իր գործունեությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ  սիրտ-անոթային սուր անբավարարությունից մահացել է նախորդ օրն ադրբեջանական կողմում գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այժմ Գյանջայի  դատաբժշկական փորձաքննության և պաթոլոգիական անատոմիայի տարածաշրջանային կենտրոնում պարզվում են Կ.Պետրոսյանի մահվան պատճառները:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանը նախօրեին գերի էր ընկել ադրբեջանական կողմում: Կարենի հոր հավաստմամբ, իր որդին տառապում էր  տկարամտությամբ:

Նախորդ հոդվածը‘Հանս-Յոխեն Շմիդթ. ԼՂ հակամարտության գոտում զոհերի տագնապալի թիվը քաղաքական ահազանգ է’
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտի» եւ «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատավարձերի համար 21 մլրդ դրամ է հատկացվել’