‘ԿՀՎ գաղտնի բանտերում բժիշկները մասնակցել են կալանավորների խոշտանգումներին’

932

ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնի բանտերում բժիշկներին ներգրավել են կալանավորների դաժան խոշտանգումներին, ասվում է Կոլումբիայի համալսարանին կից՝  պրոֆեսիոնալ բժշկության ինստիտուտի կազմած անկախ զեկույցում: «Պենտագոնը և ԿՀՎ-ն բժշկական անձնակազմին ստիպել են համագործակցել իրենց հետ՝ հետախուզական տվյալներ հավաքագրելու հարցում, և կիրառել այնպիսի մեթոդներ, որոնք լուրջ վնաս են հասցրել կալանավորների առողջությանը»,- ասված է փաստաթղթում: Զեկույցի հեղինակներից մեկը՝ Կոլումիայի համալսարանի պրոֆեսոր Հերալդ Թոմսոնը, նշում է. «Միանգամայն ակնհայտ է, որ հանուն ազգային անվտանգության՝ բժիշկները վերածվել են զինվորական գործակալների և կատարել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են բժշկական էթիկային»: Գիտնականների տվյալներով՝ բժիշկները ստիպողաբար կերակրել են Գուանտանամո բանտում հացադուլ հայտարարած կալանավորներին, ինչպես նաև՝ մասնակցել են այնպիսի խոշտանգումների, որոնց ժամանակ կալանավորներին խեղդել են ջրի մեջ:

Զեկույցի հեղինակները ԱՄՆ սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովին կոչ են արել հետաքննել բուժաշխատողների գործունեությունը կալանավայրերում: Մինչդեռ Պենտագոնը և ԿՀՎ-ն հերքում են զեկույցում նշված տեղեկությունները: «Զեկույցը ոչ ստույգ տեղեկություններ և սխալ եզրակացություններ է պարունակում»,- Interfax.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԿՀՎ ներկայացուցիչ Դին Բոյդը: 

Նախորդ հոդվածը‘Մայքլ Օուեն. «Ոսկե գնդակը» կստանան Մեսսին կամ Ռոնալդուն’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ. Եկել է ԼՂ հակամարտության կարգավորման ժամանակը’