‘Կոռուպցիայի հոտ. ԳԷԿ կառուցող վրացական ընկերությանը հարկային արտոնություններ Հայաստանում ‘

1983

Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունները, չեն դադարում զարմացնել և զայրացնել: Կառավարությունն էլ, չնայած բազմաթիվ խոստումներին, թե ամեն ինչ անելու է երկրում իրավիճակը կարգավորելու համար, ամեն ինչ անում է ինչ-ինչ անհատների համար գերնպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Թերթեք կառավարության որոշումները, և ամեն ինչ պարզ կդառնա:

Ընդամենը մի քանի օր առաջ, առանց աղմուկի, առանց ավելորդ իրարանցման` կառավարությունը մի տարօրինակ և անհեթեթ որոշում է կայացրել: Գործադիրը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, հավանություն է տվել ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվող ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի (ԳԷԿ) կառուցման և շահագործման համաձայնագրի հիմնադրույթներին:

Ամենահետաքրքիրն այն է, որ ընկերությունը, ինչպես արդեն իսկ անունից կարելի է կռահել, ոչ թե հայկական է, այլ վրացական: Տարօրինակ է նաև, թե ինչու է վրացական ընկերությունը ցանկություն հայտնել գազային էլեկտրակայան կառուցել Հայաստանում: Նույնիսկ մանկապարտեզի սաները գիտեն, որ այսօր Վրաստանն ավելի շատ էլեկտրաէներգիայի կարիք ունի, քան Հայաստանը: Ավելին, Վրաստանն ունի ադրբեջանական ավելի էժան գազ, և անհամեմատ դյուրին կլիներ այդ էլեկտրակայանը կառուցել Վրաստանում:

Չնայած այս ամենին, գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ նրանք դիմել են Հովիկ Աբրահամյանին: Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ պաշտոնական հաղորդագրությունում ընդգծված է, որ «Անակլիա էներջի» կազմակերպությունը՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը, ՀՀ կառավարությունից ակնկալում է գազի երաշխավորված ծավալի մատակարարում, անհրաժեշտ թույլտվություններ, հարկային արտոնություններ և այլն:

Դժվար չէ ենթադրել, որ կառավարությունն անմիջապես համաձայնել է արտոնություններ տրամադրել: Ավելին, խոստացել է քսան տարի գազը մատակարարել նույն գնով, ինչ հիմա է: Սա արդեն անհեթեթությունների գագաթնակետն է: Մենք չգիտենք, թե Ռուսաստանից մեկ կամ հինգ տարի հետո գազն ինչ գնով կգնենք կամ կգնենք, թե ոչ, բայց վրացական ընկերությանը խոստացել ենք գազի գինը քսան տարի թողնել անփոփոխ: Սա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ գազի թանկացման դեպքում, մենք՝ հարկատուներս, սուբսիդավորելու ենք վրացական ընկերությանը, որ էլէներգիա արտադրի և վաճառի մեզ կամ արտերկրում այլ ընկերությունների:

Հիմա անհամբեր սպասում ենք, որ կառավարությունը մի շարք հարցերի պատասխան տա: Մասնավորապես հուշի, թե Հայաստանի ինչին է պետք նման գազային էլեկտրակայանը, եթե մենք էլէներգիայի պակաս հաստատ չունենք: Հուսանք նաև, որ վրացական ընկերությունը կպարզաբանի, թե ինչու են այս էլեկտրակայանը կառուցելու Հայաստանում, ոչ թե` Վրաստանում: Կառավարությունից նաև ակնկալում ենք բացատրություն, թե ինչու պետք է օտարերկրյա ընկերությունը հարկային արտոնություններ ստանա, իսկ բնապահպանության նախարարությունն էլ թող պարզաբանի, թե ինչու պետք է մեր երկրում կառուցվի շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող այդ կայանը:

Իսկ առայժմ շեշտենք, որ իշխանությունների կարծիքով` «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբինով աշխատող գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի Հայաստանի էներգետիկ հզորության զարգացմանը: Ի դեպ, կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը շեշտել է նման կառույցի անհրաժեշտությունը մեր երկրի համար և նշել, որ դա ոչ միայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, այլև ՀՀ կառավարության խնդիրն է: Մնում էր այսքանից հետո ավելացնել,  որ սա յուրաքանչյուր հայի խնդիրն էր:

Ահա այսպես, մի վրացական ընկերություն միանգամից հարկային և այլ արտոնություններ է ստանում, իսկ Ադրբեջանի հետ սահմանում ապրող ու արարող հայ մարդը՝ ոչ: Սա է իրականությունը: Եվ այսքանից հետո եթե ավելացնենք, որ համառ լուրեր են պտտվում, ըստ որի` վրացական ընկերությունը շատ սերտ առնչություն ունի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հետ, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի:

Նախորդ հոդվածը‘Գեներալ Մանվելի կարծիքով արտագաղթը դրական երևույթ է’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին պետությանը վերադարձրել է կոստյումները և վերարկուն’