Հաիթիում գնդակահարվել են նախագահի սպանության մեջ կասկածվողները

413

Հինգշաբթի գիշերը Հաիթիի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է գտնել երկրի նախագահ Ժոնեվել Մոիզի սպանության մեղավորներին։

Ինչպես նշել է Հաիթիի ոստիկանապետ Լեոն Շառլը, երկրի ղեկավարին սպանել են օտարերկրյա վարձկաններ, և անվտանգության ուժերը գնդակահարել են նրանցից չորսին, իսկ երկու հոգու ձերբակալել են։

Հատուկ գործողության ընթացքում երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում հարձակում գործած անձինք  պատանդ են վերցրել ոստիկանության երեք աշխատակցի, սակայն իշխանություններին հաջողվել է ազատել նրանց։ Ընդ որում, ոստիկանությունը նշել է, որ հատուկ գործողությունը դեռ ավարտված չէ։ «Մենք նրանց ճանապարհը փակեցինք, երբ պատրաստվում էին հեռանալ հանցանքի վայրից։ Այդ պահից մարտը շարունակվում է։ Նրանք բոլորը կամ կսպանվեն, կամ կձերբակալվեն»,- ասել է Շառլը։

Հաիթիի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը, որն ստանձնել է  նախագահի լիազորությունները, տեսաուղերձում նշել է, որ հարձակում գործած անձինք խոսել են իսպաներեն և անգլերեն, զինված են եղել «շատ մեծ տրամաչափի զենքով» և պրոֆեսիոնալ պատրաստված մարտիկների են նման եղել։

ԱՄՆ-ում Հաիթիի դեսպան Բոկչիտ Էդմոնդը Reuters-ին տված հարցազրույցում նշել է, որ զինյալները Թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչության գործակալների հագուստին նմանվող համազգեստ են կրել, ինչն էլ, հնարավոր է, նրանց օգնել է մուտք գործել նստավայրի տարածք։

« Եղբայրներ և քույրեր, մենք գիտենք, թե հանուն ինչի էր պայքարում նախագահը։ Մենք գիտենք, որ Ժոնեվել Մոիզը համարձակ մարդ էր։ Երկրի բոլոր ուժերը պետք է դատապարտեն նրա սպանությունը։ Նախագահի սպանությունն անհատույց չի մնա։ Հնարավոր է սպանել նախագահ Ժոնեվել Մոիզին, սակայն անհնար է սպանել նրա գաղափարները»,- տեսաուղերձում հայտարարել է նախագահի լիազորություններն ստանձնած Կլոդ Ժոզեֆը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւիմբլդոն. Խաչանովը դուրս մնաց պայքարից, Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածըՈւիմբլդոն. Ռոջեր Ֆեդերերը պարտվեց Հուբերտ Հուրկաչին