‘Համաշխարհային բանկ. ՀՀ-ում առկա է գերատեսչությունների տվյալների անհապատասխանություն ‘

1100

Առանց լեռնահանքային պաշարների օպտիմալ օգտագործման, Հայաստանը կարող է հայտնվել «ռեսուրսային անեծքի» ճիրաններում: Այդ մասին ասվում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ Համաշխարհային բանկի կազմած թեմատիկ աշխատանքներում, որոնք այսօր ներկայացվել են Երևանում:

Ինչպես նշել է Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի ներկայացուցիչ Կարեն Աղաբաբյանը, հանրապետությունում պոչամբարները գտնվում են գետերի, համայնքների, անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների հարևանությամբ, ինչը հավանական ռիսկեր է պարունակում էկոլոգիայի և տեղի բնակչության առողջության համար:

Անցկացված հետազոտությունների համաձայն, Ախթալայում, որտեղ գործում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, մանկապարտեզների հրապարակներից վերցված հողի փորձանմուշներում հայտնաբերվել է կապարի և մկնդեղի ՍԹԽ գերազանցում: Բացասական գնահատական է տրվել այն բանին, որ լեռնահարստացուցիչ կոմբինատի ներկայումս գործող պոչամբարը գտնվում է Ճոճկան և Մեծ Այրում գյուղական համայնքների անմիջական հարևանությամբ:

Իրավիճակը մտահոգիչ է նաև Սյունիքի մարզում, ուր, օրինակ, գյուղական համայնքների բնակիչներն անասուններին արածեցնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներին հարող տարածքներում: Մինչդեռ այդ գոտիներում հայտնաբերվել է նիկելի, կոբալտի և պղնձի ՍԹԽ գերազանցում:  

ՀԲ-ն ուշադրությունը հրավիրում է պոչամբարների քանակի վերաբերյալ տարբեր գերատեսչությունների տվյալների անհամապատասխանության վրա: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, Հայաստանում 700 հա ընդհանուր տարածք զբաղեցնող 17 պոչամբար կա: Մինչդեռ ՀՀ ԱԻՆ-ը նշում է 1400 հա ընդհանուր տարածքով 19 պոչամբարի մասին:

Նախորդ հոդվածը‘ C խումբ.Ազգային հավաքականների վերլուծություն ‘
Հաջորդ հոդվածը‘Հայկ Դեմոյան. Եղածներից ընտրեցինք այն, ինչը որ համարեցինք, որ կարելի է օգտագործել’