‘Հայաստանցի մասնագետները Իրաքում էներգետիկ ծրագրերի կմասնակցեն’

901

Երեւանում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը: Մինչ նիստի աշխատանքների մեկնարկը, ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահ Ռոուշ Նուրի Շաուեյսի (Rowsch Noori Shaways) գլխավորած պատվիրակությանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել վերջին շրջանում երկկողմ համագործակցության զարգացման մակարդակից: Արձանագրվել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերությունների խորացման տեսանկյունից կարեւոր աշխատանքներ են իրականացվել` ձեւավորվել եւ գործում է միջկառավարական հանձնաժողովը, վերաբացվել է Երեւանում Իրաքի դեսպանությունը, նշանակվել է դեսպան:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ առեւտրական կապերն ակտիվացնելու հարցում երկու երկրների գործարար շրջանակների կողմից փոխադարձ հետաքրքրություն է առկա` ընդգծելով, որ արդեն իսկ նկատելի է ապրանքաշրջանառության ծավալների աճ: Հանձնաժողովի նիստի աշխատանքներին զուգահեռ, Երեւանում անցկացվում է «Արտահանվող հայկական ապրանքներ» խորագրով ցուցահանդեսը, իսկ նոյեմբերի 7-ին տեղի կունենա հայ-իրաքյան գործարար համաժողովը:

Կողմերն արձանագրել են, որ առողջապահության բնագավառում արդեն իսկ համագործակցության հիմքեր ստեղծվել են. 2012թ. երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, եւ ներկայումս երկկողմ քայլեր են ձեռնարկվում փոխգործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Փոխվարչապետ Ա. Գեւորգյանը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` իրաքցի 10 երեխաներ բուժում կստանան Երեւանում:

Էներգետիկայի բնագավառում եւս փոխգործակցության լայն հնարավորություններ կան: Մասնավորապես, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում Իրաքում իրականացնել կիսակառույց եւ արդիականացման ենթակա էլեկտրակայանների վերակառուցման աշխատանքներ:

Ներկայումս կողմերի քննարկման փուլում են գտնվում տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մոտ մեկ տասնյակ փաստաթղթեր: 

Նախորդ հոդվածը‘«ԱՐՄԵՆԱԼ»-ը Եվրադատարանում շահել է ընդդեմ ԵՄ Խորհրդի հայցը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան վերահաստատում է Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» տապալումը’