‘Հայրիկյանը չի ընդունել Վիկտոր Դալլաքյանին (Տեսանյութ)’

1541

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր անձամբ էր որոշում՝ ով իրեն այցելի, ով՝ չէ:

Առավոտյան նրան այցելության գնացած ԱԺ նախկին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին և հայ-կազակական միավորման ներկայացուցիչ, գնդապետ Կարեն Զադոյանին այդպես էլ չթույլատրեցին Հայրիկյանի հիվանդասենյակ մտնել:

Պատճառները տարբեր էին:

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Օրլովի խոսքերով. «Հայրիկյանն  իրեն լավ է զգում, ինքն է որոշում՝ ում հետ շփվի, ում հետ՝ ոչ: Ում հետ ուզում է շփվել, շփվում է»:

Իսկ պարոն Հայրիկյանի մամուլի խոսնակ Սուսաննա Գրիգորյանն էլ aravot.am-ին պատճառաբանել է, որ որոշողը Հայրիկյանը չէ, այլ՝ բժիշկները. «Ասել են նրան հանգստանալ է պետք մոտ 6 ժամ: Դրանից հետո թույլ կտան այցելությունները»:

Տիկին Գրիգորյանը չէր հասցրել ավարտել խոսքը, երբ պարոն Հայրիկյանին այցելության եկավ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Մինասյանի հետ:

Լրագրողների հարցին՝ ձեզ հետ ուզո՞ւմ է շփվել պարոն Հայրիկյանը, նախարարն ասաց. «Գնամ, տեսնեմ»: Պարոն Մինասյանն էլ ասաց.

«Հակառակը բոլորի հետ հաճույքով զրուցում է, կարող  է ուզում է հանգստանալ, առողջականը լավ է»:

Պարոն Դումանյանը այցելությունից վերադառնալով՝ ասաց, որ պարոն Հայրիկյանը չի ասել՝ ում հետ է ուզում շփվել, ում հետ՝ չէ.«Առողջական վիճակը լավ է, հույս ունենք մոտ օրերս դուրս կգրվի, անհանգստանալու բան չկա»:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Մալի’
Հաջորդ հոդվածը‘Իոսիֆ Կոբզոնը Սամվել Բալասանյանի օգնությամբ քարոզել է Գյումրիում (լուսանկարներ)’