‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1093

Լոնդոնյան, թուրինյան և, կենտրոնականը՝ մադրիդյան դերբիներ՝ եվրոպական թոփ առաջնությունների հերթական տուրում: Եվ ինչը շատ կարևոր է՝ երեքն էլ տարբեր ժամերի:

«Տոտենհեմ» — «Չելսի»

Շաբաթ, ժամը 15:45

Ինչ-որ մի օր նրանք պետք է հանդիպեին: Ժոզեի և Անդրեի՝ հին ընկերների հարաբերությունները, ովքեր իրար հետ հաջողությունների հասան «Չելսիում» և «Ինտերում», սկսեցին վատանել, երբ Աբրամովիչը Անդրե Վիլաշ-Բոաշին համարձակվեց վերաբերվել որպես երկրորդ «յուրահատուկ» և «Պորտոյից» հրավիրեց «Չելսի»: Երիտասարդ մասնագետը միանգամից ցանկացավ տարբերվել Ժոզեից և հայտարարեց, որ իր կարծիքով՝ լավագույն մասնագետն աշխարհում  Պեպ Գվարդիոլան է. աններելի խոսքեր Ժոզեի համար:

Այժմ արդեն Մոուրինյոն վերադարձավ «Չելսի», որովհետև Աբրամովիչը, չկարողացավ համոզել Գվարդիոլային, իսկ Վիլաշ-Բոաշը «Տոտնհեմում» փորձում է որակավորվել ՉԼ, ինչին հասնելը նման փայլուն տրանսֆերներով՝ այդքան էլ ֆանտաստիկա չի թվում: Ընդհանրապես՝ այս իրավիճակը, առաջին հերթին, անծանոթ է հենց Մոուրինյոյի համար՝ ներքին առաջնությունում որևէ այլ թիմ ավելի հզոր ձեռքբերումներ է կատարում, քան իր գլխավորած թիմը:

«Ռեալ Մադրիդ» — «Ատլետիկո Մադրիդ»

Շաբաթ, ժամը 23:59

14 տարի դադարից հետո Սիմեոնեին հաջողվեց «Ատլետիկոյին» հաղթանակ պարգևել մադրիդյան դերբիում՝ այդպիսով ավարտական կնիք դնելով Մոուրինյոյի՝ «Ռեալում» ժամանակաշրջանի վրա: Այժմ Սիմեոնեն, հավասար պայքար մղելով «Տատայի» Բարսայի դեմ սուպերգավաթում, հանդիպում է Անչելոտիի «Ռեալին», և ճշմարտությունն այն է, որ եթե չլինեին մրցավարները, «Ատլետիկոն» իրենց համաքաղաքացիներից արդեն 4 միավոր ավելին պետք է ունենար: Սիմեոնեն արդեն իսկ հասցրել է տիտղոս խլել մարզիչ Անչելոտիից՝ 2000-ին «Սերիա Ա-ի» նախավերջին տուրում «Լացիոյի» կազմում գրավելով թուրինցիների դարպասը:«Սանտյագո Բերնաբեուում» հեշտ չի լինի, բայց Սիմեոնեի սաները խաղադաշտում մահապարտների նվիրումով են գործում և ամեն ինչ կանեն՝ «Պրիմերայում» 7-րդ խաղում անընդմեջ հաղթանակ տանելու համար, ինչը բացառիկ ռեկորդ կհամարվի:

«Տորինո» — «Յուվենտուս»

Կիրակի, ժամը 14:30

Յուվեի համար «Տորինոյի» հետ դիմակայությունը միշտ էլ համարվել է մրցաշրջանում ամենակարևոր խաղերից մեկը, բայց այս անգամ նրանց մի փոքր այլ «Տորինո» է սպասում: «Ցլերը» մրցաշրջանը սպասվածից ավելի հաջող են սկսել և այս պահին ընթանում են 7-րդ հորիզոնականում: Յուվեի համար, բացի այն, որ սա դերբի է, որտեղ պետք է հաղթել, հանդիպումը կարևոր է նաև մրցաշարային աղյուսակի տեսանկյունից: Միավորներ  կորցնելու դեպքում Կոնտեի սաները կարող են «Ռոմայից» 4 կամ 5 միավոր ետ մնալ, ինչն արդեն նշանակալից տարբերություն կլինի մրցաշրջանի սկզբի համար:

Թոփ առաջնությունների այլ խաղերում. Մոյեսը կփորձի մի փոքր վերականգնել իր հեղինակությունը մանչեստերյան դերբիից հետո՝ «Վեսթ Բրոմվիչ» — «Մանչեստեր Յունայթեդ» հանդիպումը կսկսի շաբաթ, ժամը 18:00-ին: «Բունդեսլիգայում» «Բավարիան», որը կարգավորում է իր փոխըմբռնումը Պեպի հետ, կհանդիպի նախկին բավարացիներ Լուիս Գուստավոյին և Օլիչին՝ «Բավարիա» — «Վոլֆսբուրգ» հանդիպումը կսկսվի շաբաթ, ժամը 17:30-ին: Իսպանիայում էլ, բացի Սիմեոնեից, ռեկորդի (7 խաղից 7 հաղթանակ) կձգտի նաև «Տատա» Մարտինոյի Բարսան՝ «Ալմերիա» — «Բարսելոնան» կսկսվի շաբաթ, ժամը 20:00-ին:

Ռուսական «Պրեմիեր լիգայում» էլ շաբաթ, ժամը 18:00-ին, տեղի կունենա առաջատարների «Զենիթ» — «Սպարտակ» հանդիպումը:

  

Նախորդ հոդվածը‘Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ ինն ամսվա ընթացքում վերջնական համաձայնություն կարող է ձեռք բերվել’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանում ձերբակալվել է նեոնացիստական կուսակցության առաջնորդը’