Հարութ Ուլոյան․ Փաշինյանական ոչմիթիզական քարոզչամեքենան (մաս 2)

1156

Մաս 1

Բանակցվող պլանի ու առարկայական զինադադարի մերժում

Թե´ 2018 թվականի իշխանափոխությունից սկսած` «սեփական կետից», թե´ պատերազմի առաջին իսկ օրից, կատաղի քննադատվում էր Մինսկի խմբի կողմից պարբերաբար թարմացվող խաղաղարար պլանը: Ոչ միայն մերժվում էր, այլև՝ մանիպուլյացիոն կերպով խեղաթյուրվում էին դրա դրույթները: Նույնիսկ Մինսկի խմբի կողմից պահանջվում էր պարզաբանումներ հնչեցնել այդ դրույթների վերաբերյալ: Ավելին, հրապարակային հնչեցված կոնկրետ շանտաժով Արցախի նախագահի թեկնածուները նույնպես ներքաշվեցին այդ պլանը մերժելու քաղաքականության մեջ (25.01.2020):

Սեղանին դրված պլանը նույնպիսի հրապարակային շանտաժով մերժվեց նաև պատերազմի առաջին օրը՝ Ազգային ժողովում: Նույնիսկ հոկտեմբերի կեսերին այդ պլանը պաշտոնատար անձանց կողմից որպես հակահայկական ծրագիր էր մեկնաբանվում. այդ պլանի արդյունքում «հայ ազգ որպես այդպիսին գոյություն չի ունենալու» (16.10.2020):

Երբ պատերազմի առաջին օրերին, արդեն՝ շատ կոնկրետ, խոսվում էր Ռուսաստանի միջնորդության և բանակցությունների վերսկսման մասին, պաշտոնական մակարդակով հայտարարվում էր, որ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի շրջանակում և, բացի այդ, պատերազմի ընթացքում բանակցությունների համար «համապատասխան մթնոլորտ չկա»: Երբ բոլոր կողմերից հնչում էին հայտնի փոխզիջման մանրամասներն ու դրանք ընդունելու մասին հայտարարություններ էին արվում մեր կողմից, ի պատասխան, հնչում էր այն թեզը, թե «տեղին չէ դրա մասին խոսելը» (29.09; 07;22.10.2020):

Երբ փոխզիջումների պատրաստակամության ու հայտնի շրջանների հնարավոր վերադարձի վերաբերյալ հստակ հարց էր հնչեցվում, ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր, թե «վերադարձնողը ես չեմ, վերադարձնողը Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է: Իսկ այդ պարագայում ո՞վ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը» (08.10.2020): Այսինքն, ըստ էության, Ղարաբաղը կրկին շանտաժի էր ենթարկվում:

Եթե պատերազմի առաջին օրերին պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզչամեքենան դեմ էր պատերազմը դադարեցնելուն, քանի որ վստահ էր, որ շուտով շոշափելի հաղթական արդյունքներ են գրանցվելու, ապա հոկտեմբերի երկրորդ տասնօրյակից, արդեն, պատերազմը շարունակվում էր, քանի որ ինչ-որ մեկը չէր ուզում «դավաճան» կոչվել ու ցանկանում էր «բեկում մտցնել ռազմաճակատում»:

«Շուտով լավ լուր կլսենք», «Սպասեք հակահարվածի», «Եկել է բոլոր պրոբլեմները լուծելու ժամանակը» տիպի ինքնախաբեություններով օրեր շարունակ մոլորեցնում էին ժողովրդին:

Ոչ պաշտոնական քարոզչամեքենան շատ ավելի կատաղի ու հստակ էր իր դիրքորոշումներում: Նրանք ոչ միայն չէին ցանկանում, որպեսզի պատերազմն ավարտվի, այլև՝ ամոթանք էին տալիս պատերազմը դադարեցնելուն կողմ արտահայտվողներին: Տարատեսակ «վերլուծություններով» փորձում էին ապացուցել, որ միջազգային հանրության ու, մասնավորապես, Ռուսաստանի կողմից զինադադարի մասին հնչող կոչերն ընդամենը նրա համար են, որպեսզի խաղաղ պայմաններում կարողանան լուծել այն, ինչ չեն կարողանում լուծել ռազմի դաշտում: Այսինքն՝ «Տեսան, որ չեն կարողանում ուժով իրենց պլաններն իրականացնել, դրա համար ցանկանում են, որ մենք վերադառնանք բանակցային սեղան, որտեղ մենք կրկին պիտի համաձայնենք խաղաղապահների տեղակայման ու տարածքներն ինքնակամ վերադարձնելու գաղափարների հետ»:

Հայտարարում էին, որ ռազմի դաշտում գրանցվող մեր «հաջողությունների» շնորհիվ մենք այժմ թելադրողի դերում ենք և չպետք է ենթարկվենք զինադադարի մասին կոչերին: Պնդում էին, որ եթե հիմա պատերազմը կանգնեցվի, ապագայում ավելի վատ պատերազմ է սկսվելու: Կոչ էին անում՝ չտրվել խաղաղասիրական տրամադրություններին: Հպարտանում էին, թե ինչպես են պաշտոնյաները շարունակաբար մերժում սեղանին դրված պլանի հիման վրա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հնչող միջնորդների կոչերը:

Որ քարոզչամեքենայի կոնկրետ ներկայացուցիչներն ամեն կերպ դեմ էին պատերազմը կանգնեցնելուն, հրապարակայնորեն խոստովանել են հենց իրենք՝ հայտարարելով, որ պատերազմը չպետք է կանգներ, այլ պետք է շարունակվեր «պարտիզանական կռիվների» տեսքով:

Պատերազմի ընթացքում, երբ հրապարակվեց Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հնարավոր միջնորդության մասին լուրը, ողջ քարոզչամեքենան լծվեց այդ գաղափարը մերժելու ու քննադատելու գործին. «Մենք հաղթում ենք, սրանք ուզում են էլի հարամ անեն»: Հպարտորեն հայտարարում էին, որ ներկայիս իշխանություններն ամեն կերպ տարանջատում են իրենց նախկիններից և ոգևորվում, որ «սպասվող սենսացիան» տեղի չի ունենում:

Գրանցվող լեգենդար հաղթանակներ, նաև՝ դիվանագիտական

Պատերազմի առաջին իսկ օրից սկսվում է «հաղթանակի» քարոզչությունը: Խոսքը ոչ թե «հաղթելու ենք» կարգախոսի մասին է, այլ՝ քարոզչության եղանակների:

Առաջին իսկ օրից մինչև վերջին օրը քարոզվում էր, որ ադրբեջանական կողմը չունի որևէ նշանակալի հաջողություն, որ վերջինիս պլանները տապալվել են: Նույնիսկ նահանջն ու բնակավայրերի կորուստն էր ներկայացվում հաղթական կոնտեքստի ներքո: Հասարակության զգոնությունն այնքան էին բթացրել, որ մարդիկ ուղղակի մերժում էին ընդունել նույնիսկ պարզ իրողությունները:

Գրեթե ամենօրյա ռեժիմով, մի կողմից, խոսվում էր այդ պահին դրվող վերջնական, փառավոր, լեգենդներով լի հաղթական հիմքի մասին, մյուս կողմից, կրկին՝ ամենօրյա ռեժիմով, հայտարարվում էր, թե «կռիվը նոր է սկսվում»: Խոսքը ոչ միայն ռազմի դաշտում գրանցվող «պատմական մեծագույն հաղթանակների» մասին էր, այլև՝ դիվանագիտական: Միջազգային հանրության կողմից վարձկան-ահաբեկիչների մասին հիշատակումներն ու որոշ երկրների տեղային մարմինների կողմից Արցախի ճանաչման լուրերը պրոպագանդվում էին որպես «աննախադեպ խոշոր դիվանագիտական հաղթանակներ»: Դրա հետ մեկտեղ հայտարարում էին, որ «Ադրբեջանի գործերը լավ չեն նաև դիվանագիտական դաշտում»: Պատերազմի վերջին օրերին, արդեն, նույն մարդիկ սկսեցին խոսել այն մասին, թե պատերազմը միայն ռազմական գործողությունները չեն, և պետք է նաև դիվանագիտական-քաղաքական դաշտում էլ գործ անել:

Պատերազմի առաջին օրերին քարոզվում էր, թե օրեցօր Ադրբեջանը՝ որպես պետություն, կործանման շեմին է: Վստահեցնում էին, որ «պատերազմն ավարտվելու է ադրբեջանական բանակի լիակատար ոչնչացմամբ»՝ հավելելով, որ պնդումը զուտ «քարոզչական ու ոգևորիչ» բնույթ չի կրում (29.09.2020): Վերլուծում էին, թե ինչպես է Ալիևը նման պատերազմով վտանգի տակ դնում սեփական իշխանությունն ու Ադրբեջանը, ինչն անխուսափելիորեն այդ օրերին պետք է քաղաքական ճգնաժամ առաջացներ Ադրբեջանում: Նույնիսկ կարեկցանք էին հայտնում ադրբեջանցիներին: Պատերազմի վերջին օրերին, արդեն, նույն մարդիկ սկսեցին հայտարարել, թե Ալիևի իշխանությանը սպառնացող ներքաղաքական վտանգ չկա Ադրբեջանում:

Ձախողվող հրադադարի պատճառները պաշտոնապես բացատրում էին այն հանգամանքով, որ Ադրբեջանը սարսափում է սեփական հանրությանն ի ցույց դնել տասնյակ հազարավոր դիակներն ու զինտեխնիկայի ահռելի կորուստը (21.10.2020): Ավելին, քարոզում էին, որ Ադրբեջանում 24 ժամ մտածում են, թե ինչպես սեփական անհաջողությունները ներկայացնեն իրենց հասարակությանը: Ադրբեջանի կողմից Շուշիի թիրախավորումն էլ ներկայացվում էր որպես «սեփական փախչող զորքի խայտառակությունը» քողարկելու միջոց:

Այս ամենի հետ մեկտեղ, նաև, քննդատաբար շրջանառվում էր այն միտքը, թե, իբր, Հայաստանում պատերազմի առաջին իսկ օրից տարվում է «պարտության քարոզ»: Այսինքն՝ անուղղակի կերպով հերթական անգամ պարտվողական էին համարվում բոլոր նրանք, ովքեր հանդես էին գալիս պատերազմը դադարեցնելու, այսինքն՝  սեղանին դրված Մինսկի խմբի պլանն իրագործելու օգտին: «Պարտության քարոզ» ասվածի տակ շրջանառում էին նաև ինչ-որ խոսակցություններ, թե սահմանին կռվող զինվորներին «ինչ-որ մարդիկ» համոզում են, թե «հողերը ծախել են», ու «սա պայմանավորված պատերազմ է» (08.10.2020): Մյուս կողմից` քննադատվում էին այն մարդիկ, որոնք պատերազմ հրահրելու համար մեղադրում էին Հայաստանի ներկա իշխանություններին: Մի խոսքով՝ շրջանառության մեջ էր դրվել փոխլրացնող մանիպուլյացիաների հերթական շարքը:

(Մի՞թե ակնհայտ չի, որ եթե դու կողմ ես արտահայտվում պատերազմի դադարեցմանը, ապա, ինքնեբարեբար, դու կողմ ես արտահայտվում նաև սեղանին դրված պլանին, իսկ քանի որ պատերազմը սանձազերծվել էր այդ պլանի մերժման արդյունքում (իսկ այդ օրերին դա հրապարակայնորեն հայտարարվում էր թե´ պաշտոնական, թե´ ոչ պաշտոնական քարոզիչների կողմից), ապա, կրկին՝ ինքնաբերաբար, դու պետք է պլանը մերժելու ու պատերազմ հրահրելու համար մեղադրեիր հենց իշխանություններին):

Եթե մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը քարոզչամեքենան որպես խուճապ տարածող դավաճան էր պիտակավորում ադրբեջանական ուժերի առաջխաղացման ու տարածքների կորստի վերաբերյալ մտահոգություններ հայտնողներին (հիշեք, թեկուզ, Հադրութ քաղաքի ու Լաչինի ճանապարհի վերաբերյալ խոսակցությունները), ապա, դրանից հետո սկսեց քարոզել, թե պետք չի թաքցնել ոչ մի կորուստ, քանի որ այս պատերազմում ոչ թե տարածքների հարց է լուծվում, այլ՝ ստրատեգիական: Ավելին, ոչմիթիզական քարոզչամեքենան այնքան հեռուն գնաց, որ կորսված տարածքներն ուղղակի «չոլեր» անվանեց: Իսկ պատերազմից հետո, ըստ էության, պարզվեց, որ մի «չոլ» էլ Շուշին էր՝ «դժբախտ ու դժգույն»:

Պատերազմի օրերին քարոզչամեքենայի կարկառուն ներկայացուցիչներից մեկը քարոզում էր, թե մեր երիտասարդ զինվորները ոչ թե «փառքով շարունակում» են, այլ՝ «բազմապատիկ գերազանցում» են Արցախյան առաջին պատերազմի մասնակիցների սխրանքները: Պատերազմից հետո, արդեն, նույն այդ մարդը, որպես պարտության պատճառ, ամենախայտառակ մեթոդով քարոզում է այն թեզը, թե ի տարբերություն 90-ականների պատերազմի, ներկայիս սերունդը չցանկացավ կռվել: Սա, թերևս, պատերազմի վերաբերյալ քարոզչական ամենաանբարոյական դրսևորումն է:

Շարունակելի

Նախորդ հոդվածըՀրաժեշտ վերջին սպիտակամորթ նախագահին
Հաջորդ հոդվածը«Մեմորիալը»՝ փակվելու սպառնալիքի տակ