‘Հարսնաքարի գործ. Դատախազը պատրաստվում է մեղադրական ճառին’

1127

Այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի գործով» հերթական դատավարությունը: Հիշեցնենք, որ  դատավոր Դավիթ Հարությունյանը հարկ էր համարել ամբաստանյալների ցուցմունքների հիման վրա հարցաքննել նաև քրեական գործով տուժողներ ներգրավված անձանց, որպեսզի հնարավոր լիներ գնահատել լրացուցիչ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները և դրանց արժանահավատությունը:

Այսօրվա դատական նիստին նախատեսված էր լսել տուժող Արկադի Աղաջանյանի ցուցմունքները, սակայն պարզվեց, որ նա այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և մոտ վերադարձը անիրատեսական է: Փոխարենը Ա. Աղաջանյանը Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի միջոցով փոխանցել էր մի գրություն, որտեղ խնդրում էր որպես հիմք ընդունել նախկինում տրված ցուցմունքները:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, որի ժամանակ դատախազը կհնչեցնի իր մեղադրական ճառը:

Այսօր դատարանում էր նաև Վարդգես Գասպարին, ում կողմից մուտքի մոտ իրականացված ակցիան վրդովմունք առաջացրեց ամբաստանյալների ծնողների մոտ. ոստիկանությունը ստիպված էր միջամտել:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունիսի 17-ին ՀՀ Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը՝ Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Մահվան դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ: 

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմությունն ուզում է քննարկել իմպիչմենտի վերաբերյալ օրինագիծը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’