‘Հեռուստաընկերությունները սահմանել են քաղաքական գովազդի գները’

867

Հեռուստաընկերությունները սահմանել են 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով քաղաքական գովազդի մեկ րոպեի գինը:

Ըստ ՀՀ «Ընտրական օրենսգրքի»՝ այն չի կարող գերազանցել մինչեւ ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առեւտրային գովազդի միջին գինը եւ մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

Քաղաքական գովազդի ամենաթանկ գինը սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը՝ 1 րոպե քաղաքական գովազդի համար պահանջելով 120.000 դրամ, իսկ ամենաէժանը՝ «Երեւան» հեռուստաընկերությունը՝ 15.000 դրամ:
Մայրաքաղաքային եւ հանրապետական սփռման հեռուստաընկերությունների քաղաքական գովազդի սակագները նույնն են, ինչ 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում:

Մարզային հեռուստաընկերություններից քաղաքական գովազդի ամենաթանկ գինը սահմանել է «Գալա» հեռուստաընկերությունը՝ 10.000 դրամ, իսկ ամենացածրը՝ «Անկյուն գումարած 3»-ը՝ 1750 դրամ:

Մայիսի խորհրդարանական ընտրություններին մարզային հեռուստաընկերություններից շատերը հրաժարվել էին նախընտրական գովազդի հոլովակներ հեռարձակել:

«Շանթ», «Արմենիա», «Արմնյուզ», «Աթիվի» եւ «Ար» հեռուստաընկերությունները ՀՀ նախագահի յուրաքանչյուր թեկնածունին նախընտրական քարոզչության ամբողջ ժամանակահատվածում օրական տրամադրում են առավելագույնը 7 րոպե վճարովի եթերաժամանակ, «հ2» եւ «Երեւան» հեռուստաընկերությունները՝ 10, իսկ «Կենտրոն» հեռուստաընկերությունը՝ օրական առավելագույնը 15 րոպե վճարովի եթերաժամանակ, որը չսպառելու դեպքում այն չի ավելանում հաջորդ օրվա եթերաժամանակին:

Մարզային հեռուստաընկերությունների կողմից 1 օրվա համար յուրաքանչյուր թեկնածուին առաջարկվող առավելագույն եթերաժամանակը «Ցայգ« հեռուստաընկերությանն է՝ 22 րոպե, նվազագույնը՝ «Իջեւան»-ինը՝ 1 րոպե:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ նախագահի թեկնածուներին հանրային ռադիոյից եւ հանրային հեռուստատեսւոթյունից անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը կսահմանվի հունվարի 15-ին:
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին, կավարտվի փետրվարի 16-ին ժամը 24:00-ին:

 

Աննա Բարսեղյան

media.am

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը սարքա՞ծ է եղել. Ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ. Ամուսնությունների թիվը նվազում է, ամուսնալուծություններինը՝ աճում ‘