‘ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող օհանավանցիներն ի նշան բողոքի լքել են մարզպետի հետ քննարկման դահլիճը’

1167

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչներն այսօր կրկին արգելել են համայնքի ոռոգման ջրատարի հաշվին ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներ իրականացնել:

Օհանավանցի Դոլվարթ Կարապետյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ այսօր գյուղ էր ժամանել շինարարական աշխատանքներն իրականացնող «Գահա էներջի» ընկերության տնօրենը: Նա փորձել է համոզել բնակիչներին` թույլ տալ վերսկսել աշխատանքները: Մեր զրուցակցի խոսքով, սակայն, գյուղի բնակիչներն անդրդվելի են մնացել:

Ավելի ուշ տարածային կառավարման նախարարի հրահանգով գյուղ է ժամանել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Գյուղապետարանի դահլիճում նրան դիմավորել են մի քանի հարյուր օհանավանցիներ` ներկայացնելով իրենց մտահոգությունները:  

«Մենք պարոն մարզպետին հորդորցեինք, որպեսզի անձամբ կապ հաստատի ընկերության տնօրինության հետ եւ փոխանցի մեր պահանջը` դադարեցնել աշխատանքները: Մարզպետը հրաժարվեց», — պատմեց Դոլվարթ Կարապետյանը: Նրա խոսքով, մինչ այդ մարզպետը փորձում էր թույլ փաստարկներով համոզել գյուղացիներին, որ ՀԷԿ-ի կառուցումը իբր գյուղի խնձորի այգիների ոռոգման համար խնդիրներ չի հարուցի:

«Երբ երկրորդ անգամ մարզպետը մերժեց իմ հորդորը` կանգնել գյուղացիների կողքին, ես դուրս եկա դահլիճից, եւ բոլոր ներկա օհանավանցիները, գյուղապետարանի մի քանի աշխատողներից բացի, մեկ մարդու նման հետեւեցին ինձ», — նշեց մեր զրուցակիցը:

Նա կրկնեց, որ գյուղացիները վճռական են տրամադրված, եւ պատրաստ են Երեւանում բարձրացնելու իրենց բողոքի ձայնը, եթե իշխանությունները չարգելեն ՀԷԿ-ի շինարարությունը: 

Նախորդ հոդվածը‘ԱՎԾ. ՀՀ բնակչության թիվը 2013-ին նվազել է 0.8% տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Ընկերություններ, որոնք կարող են հետևել WhatsApp-ի օրինակին’