‘ՀՀԿ գրասենյակի մոտ ցուցարարները փորձել են փակել Սերժ Սարգսյանի ճանապարհը’

1469

Մայրաքաղաքի 33-րդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ, որտեղ տեղի է ունեցել կուսակցության ԳՄ նիստը: Նիստին մասնակցել են կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ այլոք:

Ըստ ԳԱԼԱ-ի, ցուցարարները փակել են դեպի գրասենյակ տանող ճանապարհը: Ոստիկանները  փորձել են համոզել բնակիչներին դուրս գալ փողոցի երթևեկելի հատվածից: Տեղի է ունեցել  քաշքշուկ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև:

«Հերիք եղավ, մենք ստեղից ոչ մի տեղ չենք գնալու, փակելու ենք բոլոր ճանապարհները: Եթե իրանք մեզ չեն հարգում, մենք էլ իրանց չենք հարգելու: Արդեն 8 տարի է՝ մեզ խաբում են: Մենք չենք սպասելու ոչ մեկին»,- փողոցի մեջտեղում կանգնած՝ գոռում են բնակիչները:

Իսկ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը բողոքի ակցիայի մասնակիցների կողքով անցել է բավականին արագ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս չի մոտեցել ցուցարարներին:

Բնակիչները հայտնել են, որ իրենց առաջարկվել է ժամանակավորապես ապրել վարձակալությամբ, իսկ վարձավճարները պայմանագրի համաձայն պետք է վճարեր «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը: Սակայն, ըստ ցուցարարների, վերջին երկու ամսվա վարձավճարը չի հատկացվել: «Մեզ մայիս և հունիս ամսվա վարձերը չեն տվել: Բացի այդ, 40 հազար դրամ են տալիս, դրանով մենք ո՞նց վարձ տանք»,- դժգոհել են անտուն մնացած բնակիչները:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը ելույթ է ունեցել իր համախոհների առջև’
Հաջորդ հոդվածը‘Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերի երրորդ ռաունդը’