‘ՀՀԿ-ի՝ հրդեհներով ուղեկցվող միջոցառումներն ավանդույթ են դառնում’

1030

Կարծես «ավանդույթ» է դարձել, որ ՀՀԿ-ի կազմակերպած միջոցառումներն ավարտվում են հրդեհով: Կիրակի օրը` Էրեբունի-Երևանի տոնակատարությունների ավարտին` հրավառության ժամանակ, հրդեհ էր բռնկվել Հանրապետության հրապարակում գտնվող «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի և ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության շենքերի կտուրին: Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան, հաղոդրում է asekose.am-ն:

Իսկ «Ժողովուրդ»-ը գրում է, որ փաստորեն, կրակը ՀՀԿ-ին հետապնդում է ամեն քայլափոխի, մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ պայթեցին ու այրվեցին ՀՀԿ-ի փուչիկները, ավելի քան 150 հոգի վիրավորվեց, հետո երկու անգամ հրդեհվեց ՀՀԿ կենտրոնական գրասենյակի տանիքը, ապա`ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար» ռեստորանը:

Ի դեպ, Երևանի 2794-ամյակի միջոցառումների համար քաղաքապետարանը, չնայած երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, համայնքային բյուջեից 90 մլն դրամ 223 հազար դոլար է հատկացրել (չհաշված հովանավորների փոխանցած գումարները): Այնուհանդերձ, ըստ թերթի, շատ մտավորականներ բոյկոտեցին միջոցառումը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ձերբակալել են ամենափնտրվող թմրաբարոնի դստերը’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները նկարահանվել են ադրբեջանական ընկերության գովազդում’