ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը հերթական արկածախնդրությունն է, որն ավելի մշուշոտ է դարձնում Արցախի հայկականության հեռանկարը.1in.am

773

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Պարոն Սուրենյանց, ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ արցախահայության ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկման առարկա լինել և որ ցանկացած հետքայլ այս դիրքորոշումիցկարժանանա հակազդեցության բոլոր հնարավոր ձևերով ու եղանակներով։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հռետորաբանության մասին։

Արձանագրենք, որ նման հայտարարություն է անում մի կուսակցություն, որն ունի խորհրդարանական կարգավիճակ։ Նման իմպերատիվներ առաջ քաշելով ՀՅԴ-ն ոչ թե Արցախի հայկականությանն է նպաստում, այլ ճիշտ հակառակը՝ ավելացնում է բոլոր այն մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են Արցախի առաջ։ Սա մի անպատասխանատու հայտարարություն է, որը, ցավոք սրտի, բնորոշ է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, որը կրկնում եմ, որևէ խնդիր չի լուծում, բայց փոխարենը՝ ավելի մշուշոտ դարձնում Արցախի հայկականության հեռանկարը։

Այսօր Արցախի պարագայում առաջնահերթ է ոչ թե կարգավիճակի խնդիրը, որի արծարծման պարագայում ակնհայտորեն հայանպաստ լուծում չի լինելու, այլ մենք բոլորս պետք է ձգտենք ունենալ անվտանգային այնպիսի միջավայր, որպեսզի Արցախի մեր հայրենակիցները կարողանան անվտանգ ապրել մեր հողի վրա, որ Արցախն էլ  մնա հայկական։ Դրա համար, ակնհայտ է, որ պետք է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում ու այդ համատեքստում՝ Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսություն։ Այլ ճանապարհ՝ Լեռնային Ղարաբաղը հայկական պահելու, գոյություն չունի։

Արկածախնդրություն է Արցախի անկախության օրակարգն առաջին պլան բերելը։ Մանավանդ  այսօր, երբ Արցախը կտրված է կյանքի ճանապարհից, բացարձակապես անհեթեթ է խոսել մի օրակարգի մասին, որն իրականության հետ որևէ աղերս չունի։

-Ձեր դիտարկմամբ՝ ՀՅԴ-ն այս հայտարարությունն ուղղում է արտաքին լսարանի՞ն, թե ներսում՝ իշխանություններից ավելի համարձակն ու լավը երևալու միտում կա։

-Արտաքին լսարանի համար նման հայտարարություն անելը ծիծաղելի է, որովհետև արտաքին ոչ մի խաղացող՝ սկսած Ռուսաստանից, վերջացրած Միացյալ Նահանգներով, Լեռնային Ղարաբաղի անկախության օրակարգ չի էլ դիտարկում։ Ընդ որում՝ նրանք  այդ հարցին թերահավատորեն են մոտեցել նույնիսկ մինչև պատերազմը։ Ընդհանրապես, պետք է անկեղծ լինենք՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում Հայաստանը երբևէ չի էլ ունեցել որևէ դաշնակից։ Հետևաբար, երբ այսօր միջազգային որևէ խաղացողի մոտ Լեռնային Ղարաբաղի անկախության մասին խոսես՝ նույնիսկ ծիծաղ կհարուցես կամ առնվազն ադեկվատ զրուցակցի տպավորություն չես թողնի։ ՀՅԴ-ի այդ հայտարարությունն ուղղված է Հայաստանի հասարակության որոշակի հատվածին, որը ցավոք սրտի, իրական քաղաքականությունը չի տարբերում պատրանքներից,  ռեալպոլիտիկը չի տարբերում զգացմունքներից։ Այո՛, դա ներքաղաքական ինչ-որ հարցեր լուծելու նպատակ ունի։

–Այսինքն՝ որոշակիորեն նաև այս բարդ իրավիճակում հերթական արկածախնդրությունը․․․

Այո՛, ես դա համարում եմ արկածախնդիր հայտարարություն ու այդպես կհամարեմ՝ անկախ նրանից, դրա հեղինակը կլինի ընդդիմադիր կուսակցություն, թե իշխանության ինչ-որ պատգամավոր կամ մեկ ուրիշը։ Ես ՝ որպես կուսակցության ղեկավար, ի սկզբանե, պատերազմից  անմիջապես հետո առաջիններից մեկն եմ եղել, որ ասել եմ, որ  Լեռնային Ղարաբաղի անկախության օրակարգը մնացել է պատերազմի փլատակների տակ և հիմա մենք պետք է ավելի իրատեսական լուծումներ գտնենք ու այնպես անենք, որ չվտանգենք Արցախի  հայկականությունը վերջնականապես։

Առաջին լրատվական

Նախորդ հոդվածը«Ռեալը» 120 միլիոն եվրո է առաջարկել Գվարդիոլի համար
Հաջորդ հոդվածըԼրջանալու չգիտեմորերորդ պահը․․․ «ՉԻ»