‘Հոգեբան. Սեռական կյանքի բացակայությունը կարող է ինքնասպանության պատճառ դառնալ ‘

3760

Վերջերս Հայաստանում առավել հաճախացել են ինքնասպանությունները: Պարզելու համար դրանց պատճառները iLur.am-ը զրուցել է հոգեբան Դավիթ Գևորգյանի հետ:

— Ի՞նչը կարող է դրդել ինքնասպանության

— Ինքնասպանության դրդող գործոնները բազմաթիվ են և շատ անհատական: Առավել կարևոր է հասկանալ, թե ինչպիսի նախորդող հոգեվիճակ է ունեցել անձը, որի ֆոնային ազդեցության ներքո այս կամ այն հանգամանքը ձեռք է բերել  ինքնասպանության քայլին դրդող գործոնի դեր:  Սովորաբար, երբ խոսքը  հոգեկան հիվանդության մասին չէ, նման «նպաստավոր» հոգեվիճակները բնորոշվում են սթրեսային բարձր աստիճանով և դժվարությունների նկատմամբ հանդուրժողականության և սթրեսակայունության իջեցված մակարդակով: Նմանատիպ հոգեվիճակները զուգակցվում են անձի հուզական անկայունության որոշակի աստիճանով, ինչի արդյունքում ուրիշ պայմաններում տանելի հանդիսացող արտաքին կամ ներքին դրդող գործոններն անձի կողմից գնահատվում են որպես անտանելի և անհաղթահարելի:

 

Արդյո՞ք սոցիալական վատ վիճակը կարող է դրդել ինքնասպանության

— Ինչպես նշեցի, ցանկացած արտաքին բացասական  իրողություն անձի կողմից կարող է ընկալվել որպես բացարձակապես անհաղթահարելի, և նման իրողությունների շարքում է, անտարակույս, սոցիալական վատ վիճակը: Մանավանդ՝  եթե նման  սթրեսային իրավիճակը  երկարատև է, անձը կարող է սպառել իր ներքին ուժերն ու ռեսուրսները և մատնվել հուսալքության: Սոցիալական վատ վիճակը միատարր գործոն չէ, այն ունի տարբեր դրսևորումներ, որոնցից են տարբեր զրկանքներն ու նսեմացուցիչ իրադրությունները, իդեալների և երազանքների անիրականանալիությունը, անարդարության սուր զգացումը, ինքնապախարակումն ու մեղքի զգացումը, սոցիալական մեկուսացումն ու անձի շիզոիդիզացիան: Կախված տվյալ անձի հոգեկան կառուցվածքից, ներքին ուժերի պաշարից, շրջապատող մարդկանց աջակցությունից և շատ այլ կենսական գործոններից ՝ սոցիալական վատ վիճակին տարբեր մարդիկ տարբեր կերպ են դիմակայում:

—  Ո՞ր տարիքային, սոցիալական և գենդերային խումբն է ավելի խոցելի։

—  Որպես սուիցիդի նկատմամբ ռիսկային խումբ՝ ավանդաբար առանձնացնում են ճգնաժամային տարիքային խմբերին պատկանող, սոցիալական աստիճանակարգի ծայրահեղ բևեռներում գտնվող անձանց: Մասնավորապես, առավել ռիսկային են համարվում դեռահասության և կյանքի կեսի ճգնաժամերը, ինչպես նաև թոշակային տարիքի անցման շրջանը: Հայտնի է, որ տարիքային ճգնաժամերը բնորոշվում են անձի հոգեկան և ֆիզիկական կտրուկ վերակառուցումներով, որոնց ընթացքում տեղի է ունենում կենսական կարծրատիպերի «կոտրում» և վերափոխում: Նման խմբերում նկատվում են տրամադրության և աշխարհայացքի կտրուկ փոփոխություններ, հարմարվելու դժվարություններ, զգայունակության բարձրացում: Նախորդ փուլին բնորոշ հետաքրքրություններն ու հայացքները կարող են իսպառ վերանալ կամ արժեզրկվել, և նման արժեզրկման արդյունքում հնարավոր է կյանքի իմաստի և ապրելու դրդապատճառների ճգնաժամ: Երբեմն անձը այս ճգնաժամերից ելքը տեսնում է կյանքի ավարտի մեջ:

Բավականաչափ ռիսկային են, այսպես կոչված, մարգինալ վիճակներում հայտնված անձինք՝ փախստականները, անբուժելի հիվանդները, հասարակության կողմից մերժվող սոցիալական խմբերի անդամները, աղանդավորները և այլն: Սրանք այն անձինք են, որոնք միաժամանակ պատկանելով երկու կամ ավելի սոցիալական խմբերի՝ այնուամենայնիվ, իրենց բավարար չափով չեն զգում այդ խմբերից որևիցե մեկում, այսպես կոչված՝«օտար՝ յուրայինների մեջ» կարգավիճակում են գտնվում, ինչը, անշուշտ, ուժեղ սթրեսային իրադրություն է, քանի որ թույլ չի տալիս անձին լիարժեքորեն յուրացնել այս կամ այն խմբի արժեքներն ու կանոնները, գտնել սեփական «երամը», ինչի արդյունքում մարդն իրեն զգում է անպիտան, օտարացված և մերժված: Սա նույնպես կարող է հիմք ծառայել սեփական կյանքին վերջ տալու  քայլի համար:

Ինպե՞ս կարելի է ետ պահել մարդուն ինքնասպանությունից։

— Սովորաբար, մասնագետները հակված են այն կարծիքին, որ եթե անձն իրապես որոշել է կյանքին վերջ տալ, նրան ետ պահել անհնար է: Սակայն, այնուամենայնիվ, ինքնասպանություն ծրագրող մարդը, որպես կանոն, իր վարքում որոշակիորեն հուշում է շրջապատին, որ իր հետ վատ բան է կատարվում, և ինքն օգնության կարիք ունի: Հաճախ մարդիկ սկսում են այս կամ այն ձևով հրաժեշտ տալ իրենց շրջապատի մարդկանց, վերադարձնել նրանցից պարտքով վերցրած իրերը կամ դրամը, անել վերջին հրահանգները և հորդորները, ավարտել անավարտ  գործերը: Բավարար դիտողունակության դեպքում հնարավոր է նկատել նման վտանգի հասունացումը: Նման դեպքերում հարկավոր է մարդուն ամեն գնով օգնել հասկանալու, որ նա գտնվում է սթրեսի և դեպրեսիայի ազդեցության տակ, ուստի չի կարող սթափ դատել և ճիշտ որոշումներ կայացնել: Անհրաժեշտ է նրան չքննադատելով՝ ցույց տալ, որ բոլոր մարդկանց հետ հնարավոր է նման բան, սակայն  ելքեր միշտ կարելի է գտնել:  Առաջնային դեր են ստանձնում մտերիմները, որոնք պետք է կարողանան սուիցիդենտի արտաքին և հոգեկան ապահովության երաշխիք տալ, գտնվել նրա կողքին, և ամնեակարևորը՝ խոսել նրա հետ: Հաճախ ինքնասպանության գնացող անձն այնքան է ինքն իր հետ և ինքն իր մեջ փակվում, որ հենց նման աուտիզացիան կարող է դրդել կյանքին վերջ տալու: Անհրաժե՛տ է «բացել» նրան, խրախուսել արտահայտելու հույզերը: Սա բավականին բարդ է անել այն մտերիմների համար, որոնք իրենց հերթին սթրես են ապրում և հաճախ ուղղակի կորցնում են սթափ տրամաբանելու կարողությունը, սկսում են մեղավորներ փնտրել, քննադատել, անել անտեղի քայլեր, ինչն իր հերթին կարող է մեծացնել սուիցիդենտի մեկուսացվածության և օտարվածության զգացողությունը: Նման դեպքերում հստակորեն խորհուրդ է տրվում դիմել հոգեբանին:

Ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել ինքնասպանության փորձ կատարած մարդուն միջավայրում ինտեգրելու համար։

— Առաջին հերթին կարևոր է ճիշտ գնահատել անձի հոգեվիճակի նախադրյալները, իրական պատճառները, խոսել նրա հետ որպես կարեկից մարդ, այլ ոչ թե քննադատող կամ խղճացող: Ցանկացած ինքնասպանության փորձի մեջ (նույնիսկ հիսթերիկ սուիցիդի պարագայում) առկա է մարդու հոգու ցավը, իսկ նման վարքն այդ ցավից դրդված օգնության ճիչն է: Պետք է կարողանալ լսել այդ ճիչը: Ինչպես ասում է հանրահայտ Ստանիսլավ Եժի Լեցը՝ «Այն, որ մարդը ուզում է մահանալ, դեռևս չի նշանակում, որ նա չի ուզում ապրել»: Ուստի ինքնասպանին կարելի է բնորոշել որպես ապրելու ձևը և իմաստը կորցրածի, որին պետք է օգնել վերագտնելու այդ իմաստը: Սակայն ամենակարևորը այս պարագայում նպաստելն է, որպեսզի անձը ինքը գտնի այդ իմաստը, այլ ոչ թե նրան դրսից ստանդարտ իմաստներ հրամցնեն: Սովորաբար դա չի աշխատում: Ինքնասպանության փորձ իրականացրած անձն ինքը գուցե արդեն ափսոսացել է այդ քայլի համար, գուցե՝ ոչ: Անհրաժեշտ է հասկանալ, որ նման քայլի դիմած մարդը հասել է ծայրագույն հուսահատության և նրա՝ կյանքի  ընկալման «ֆիլտրերը» պղտորվել են. նա ուղղակի կարող է ունակ չլինել նկատելու կյանքի ակնհայտ առավելություններն ու հետաքրքրությունները: «Մաքրել» այդ ֆիլտրերը նրան պետք է օգնեն մտերիմներն ու մասնագետները, որպեսզի կանխարգելվի կրկնակի փորձը:

Ըստ Ֆրոյդի՝ ենթագիտակցական մակարդակում ճնշված սեռական ցանկությունը հանգեցնում է սուիցիդալ սինդրոմի, արդյոք համաձա՞յն եք այդ պնդմանը, և գիտությունն ի՞նչ նոր ասելիք ունի այս տեսակետի վերաբերյալ:

— Ֆրոյդի տեսությունը, իր բոլոր առավելություններով հանդերձ, այնուամենայնիվ, բավականին միակողմանի է այս հարցում և ելնում է հոգեվերլուծության ավանդական, օրթոդոքսալ սկզբունքներից, որոնք բազմիցս քննադատվել և որոշ դեպքերում հերքվել են: Եթե նայենք լայն իմաստով, ապա սեռական եռանդը հենց կյանքին մղող ներքին ուժն է, որի «խցանման» պարագայում մարդը դադարում է ցանականալ ապրել: Սակայն, մեկ այլ, բավականին մեծ տարածում ունեցող հոգեբանական ուղղություն՝ էքզիստենցիալ հոգեբանությունը, պնդում է, որ մարդուն դրդում է ապրել իմաստավորված գոյությունը, իսկ սուիցիդալ վարքի դեպքում հիմնական խնդիրը ոչ թե սեռական բնազգի թերգործառնությունն է, այլ, այսպես կոչված, «էքզիստենցիալ վակուումը»՝ գոյության  իմաստային դատարկությունը, որը անտանելի է անձի համար: Սա նաև անվանում են իմաստային ճգնաժամ: Ես առավել հակված եմ ինքնասպանին դիտարկել այս հոգեբանական մեկնության համատեքստում: Այսօրվա արագընթաց տեխնիկական զարգացման դարաշրջանում նույնչափ արագորեն արժեզրկվում են շատ՝ ժամանակին մնայուն թվացող արժեքներ, ինչպիսիք են, օրինակ, մտերմիկ շփումը, փոխօգնությունը, ընկերությունը, կապը բնության հետ և այլն: Նման սոցիալ-հոգեբանական իրողության մեջ հեշտ է կորցնել որոշակի կենսական կողմնորոշիչներ, զգալ սեփական գոյության անիմաստությունն ու դատարկությունը: Այ հենց նմանատիպ հոգեվիճակներն են, որ, կարծում եմ, այս կամ այն չափով ընկած են ինքնասպանություն ծրագրող մարդու ներքին ապրումների հիմքում:

Զրուցեց Լիլիթ Լալայանը 

Նախորդ հոդվածը‘Թբիլիսյան բանտում խոշտանգումների գործով 10 մարդ է ձերբակալվել: Հրապարակվել է տեսանյութը’
Հաջորդ հոդվածը‘3045 սիրիահայ մնացել է Հայաստանում’