‘Հովիկ Աբրահամյանը ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալողներին. Վարչապետի բիզնեսների մասին խոսք չի եղել’

1136

Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ ընդունել է տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին: Ինչպես ասվում է Կառավարության կայքում հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ, վարչապետը նշել է, որ որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր մարմինների հետ քննարկելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, բոլորի համար ընդունելի որոշում կայացնելու նպատակով: Վարչապետը շեշտել է, որ հաշվի են առնվելու ներկայացվելիք կարծիքներն ու առաջարկությունները՝ օրենքի շուրջ առկա խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության նպատակը բիզնես միջավայրում հավասար պայմանների ստեղծումն է, և գործադիրն անելու է ամեն ինչ, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կայանա ու զարգանա:

Հովիկ Աբրահամյանի իրական նպատակը հասկանալու համար առաջարկում ենք ընթերցել «Հետքի» մեր գործընկերների հետաքննությունը, համաձայն որի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա մերձավորների հայաստանյան ընկերությունների թիվն անցնում է հինգ տասնյակից:

Նախորդ հոդվածը‘Ռադան կքննարկի պատգամավորներին և դատավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Լավրովն արձագանքել է Օբամայի խոսքերին՝ ԱՄՆ դերակատարության վերաբերյալ’