‘Հրմշտոց Վերաքննիչ քրեական դատարանի շենքի մոտ’

1096

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների վերաքննիչ բողոքի քննարկման ավարտից հետո դատարանի շենքի մոտ հրմշտոց է տեղի ունեցել: Երբ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը փորձել է ներս մտնել դատարան` դատական նիստի ձայնագրություններով կրիչները վերցնելու, ոստիկաններից մեկն արգելել է նրան մտնել դատարան եւ հրել մուտքից դուրս: Ի պատասխան՝ դատարանի մոտ հավաքված քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտել, ոստիկանների ու քաղաքացիների միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչից հետո ոստիկանները սկսել են մուտքից հեռու հրել քաղաքացիներին: Ի վերջո, քաղաքացիները կանխել են ոստիկանական սադրանքը: 

Հիշեցնենք, որ Կոնգրեսի ակտիիվիստների վերաքննիչ բողոքի գործով այսօրվա նիստը բավականին սուր ընթացք էր ունեցել: Դատավորը դահլիճից հեռացրել էր 4 ակտիվիստներից 3-ին: Դատավոր Արմեն Դանիելյանն առաջինը դատարանից հեռացրել էր քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ով դատարանում իր վրդովմունքն էր արտահայտել այն կապակցությամբ, որ դատարանը իրար հետեւից մերժում է ակտիվիստների փաստաբանների բոլոր միջնորդությունները: Դատավորի այդ քայլից հետո, որպես բողոքի նշան` դատարանի դահլիճը լքել էր փաստաբան Վահե Գրիգորյանը: Դրանից հետո տեղի ունեցածի կապակցությամբ իր վրդովմունք էր արտահայտել ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը, ում դատավորը եւս հեռացրել էր դահլիճից: Քիչ անց էլ դատավորը հեռացրել էր Դավիթ Քիրամիջյանին: Դատարանում մնացած 4-րդ ակտիվիստ Արտակ Կարապետյանը հրաժարվել էր վերջին խոսքից, եւ դատական նիստը հետաձգվել է մինչեւ վաղը` ժամը 12-ը: Վաղը դատավորը պետք է ընթերցի վճիռը:
Հիշեցնենք նաեւ, որ 2011 թվականի օգոստոսին Կարապի լճի մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Սարգիս Գեւորգյանը դատապարտվել էին 2-6 տարվա ազտազրկման: Տիգրան Առաքելյանը անազատության մեջ է: 4 ակտիվիստները Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են իրենց վերաբերյալ կայացված վճիռը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Ինդիանա նահանգում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Մարտունիում Արցախյան հերոսամարտի մարտունեցի զոհերին նվիրված հուշարձան կանգնեցվեց’