‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության’

792

2013 թ. փետրվարի 21-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ վարչական դատարանում նշանակված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունը ընդդեմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է պարտավորեցնել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը տեղեկատվություն տրամադրելուն  և վարչական տույժի ենթարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Ա. Հակոբյանին:

Գործի էությունը կայանում է նրանում, որ 2012 թ. սեպտեմբերի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ ծառայողական քննության նյութերը տրամադրելու համար:

2012 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի կողմից ստացվել է պատասխան գրություն, ըստ որի` մերժվել է տեղեկատվության տրամադրումը այն  պատճառաբանությամբ, որ ծառայողական քննության նյութերն իրենցից ներկայացնում են ծառայողական գաղտնիք պարունակող ներքին օգտագործման փաստաթղթեր:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից պահանջվող տեղեկատվության չտրամադրումը հանգեցնում է ՀՀ Սահմանադրության, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կողմից վավերացրած Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված կազմակերպության տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտմանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նախատեսված տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով: 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Նախորդ հոդվածը‘Պելե. Անգլիան, Իտալիան եւ Գերմանիան Նեյմարի համար չեն’
Հաջորդ հոդվածը‘ Ստուգումներ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» եւ «Լուսաստղ շուգր» ընկերություններում ‘