‘Ղրղզստանի նախկին նախագահը հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման’

847

Ղրղզստանի դատարանն այսօր երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին մեղավոր է ճանաչել 2010 թ. ապրիլի 7-ի պետական հեղաշրջման ժամանակ ցուցարարների սպանության մեջ և հեռակա կարգով նրան դատապարտել է ցմահ ազատազրկման:

Բիշքեկի կայազորի զինվորական դատարանը երկուշաբթի օրվանից հրապարակում է բարձրաստիճան պետական պաշտոնյաների դատավճիռը, որոնք մեղավոր են ճանաչվել 2010 թ. ապրիլին Բիշքեկի կենտրոնական հրապարակում  ցուցարարների սպանության մեջ:  Միջադեպի արդյունքում զոհվել էր 77 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել: Հանարահավաքն ավարտվել էր պետական հեղաշրջմամբ և նախագահ Կուրմանբեկ Բակիևի տապալմամբ: 2010 թ. ողբերգական իրադարձությունների դատաքննությունն ընթանում է ավելի քան երեք տարի: Ամբաստանյալների մեծ մասը, այդ թվում՝ բարձրաստիճան պետպաշտոնյաները, լքել են երկիրը և դատապարտվել հեռակա: Մեղադրյալի աթոռին հիմնականում հատուկ նշանակության և պետպահպանության աշխատակիցներն են:

Նախկին նախագահը և նրա եղբայրը՝ Ժանիշ Բակիևը, որը ղեկավարում էր երկրի պետական պահպանության ծառայությունը, մեղավոր են ճանաչվել սպանությունների կազմակերպման, սպանության փորձի և ծառայողական լիազորությունների գերազանցման մեջ ու դատապարտվել ցմահ ազատազրկման՝ ունեցվածքի բռնագրավմամբ:

Կուրմանբեկ Բակիևն իշխանության էր եկել «կակաչների հեղափոխության» արդյունքում, 2005 թ.: Տապալվելուց հետո նա ընտանիքի անդամների և մերձավորների հետ միասին փախել է երկրից և ապաստանել Բելառուսում: Բակիևը և նրա ընտանիքի անդամներն անցնում են նաև  քրեական մի քանի այլ գործերով: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի Գերագույն ռադան ստացել է Յացենյուկի հրաժարականի դիմումը’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես են ակումբները գումար աշխատում տրանսֆերներից. Խամես Ռոդրիգեսից մինչև Լուիս Սուարես ‘