‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց Սիրիայի հարցով ‘

855

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ բանաձևը: Սա առաջին՝ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթն է Սիրիայի վերաբերյալ՝ 2011 թ. ի վեր, երբ այդ երկրում քաղաքացիական պատերազմ բռնկվեց: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը բանաձևի ընդունումն անվանել է առաջին հուսադրող նորությունը Սիրիայի առնչությամբ: Բանաձևը Սիրիային պարտավորեցնում է ոչնչացնել քիմիական զենքի ամբողջ պաշարները, ինչպես նաև ապահովել միջազգային տեսուչների անարգել այցելությունն այդ երկիր: Փաստաթուղթը դատապարտում է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, սակայն մեղքը չի բարդում հակամարտության կողմերից որևէ մեկի վրա: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանաձևի ընդունումից հետո հայտարարել է, որ այն հնարավորություն է ստեղծում Սիրիայում ճգնաժամի խաղաղ կարգավորման համար: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին էլ, իր հերթին, հայտարարել է, որ բանաձևի միաձայն ընդունումը ցույց է տալիս, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջվա պես ընդունակ է ինչ-որ նշանակալի քայլ անել, եթե հանուն համընդհանուր բարօրության՝ մի կողմ դրվի քաղաքականությունը: Նա նաև նախազգուշացրել է սիրիական կառավարությանը, որ բանաձևի չկատարման դեպքում հետևանքներ կլինեն: Մինչդեռ Լավրովի խոսքերով՝ ուժ կիրառելու ցանկացած միջոց պետք է հավանության արժանանա ՄԱԿ-ի ԱԽ մեկ այլ բանաձևով:

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին հավաստիացրել է, որ իր երկիրը կկատարի բանաձևի բոլոր պայմանները և մտադիր է մասնակցել խաղաղության համաժողովին, որը կայանալու է նոյեմբերի կեսերին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը և ԱԺ հանձնաժողովը հավանություն են տվել ԲՀԿ-ական պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա — Լեհաստան հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների’