‘Մամիկոն Խոջոյանին պատրաստվում են վիրահատել’

924

Մեկ ամիս անց ադրբեջանական գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանին պետք է վիրահատել:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իջեւանի» բ/կ-ի տնօրեն Վազգեն Մարգարյանը:

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը նորմալ է, սիստեմաների արդյունքում սկսել է կամաց-կամաց հիշողությունը վերականգնել եւ արդեն փորձում է հարցերին պատասխանել: Բայց քանի որ Մամիկոն Խոջոյանը գերության մեջ բազկոսկրի հրազենային վնասվածք է ստացել եւ նրան վիրահատել են, որպեսզի խոշտանգումների հետքերը մաքրվեն, այժմ խնդիրներ են առաջացել: «Կեղծ հոդ է առաջացել, բեկորներ կան, որ պետք է մաքրվի, համապատասխան բան դրվի, որ այդ մարդը հաշմանդամ չդառնա»,-ասաց Վազգեն Մարգարյանը:

Նա նշեց, որ Մամիկոն Խոջոյանը Երեւանում ապրող երկու դուստր ունի, ովքեր ցանկանում են հորը տեղափոխել մայրաքաղաք եւ այդտեղ վիրահատել: Այժմ բանակցություններ են ընթանում նրա վիրահատությունը կազմակերպելու խնդրով, մինչեւ կեսօր պարզ կլինի՝ Մամիկոն Խոջոյանը կտեղափոխվի Երեւան եւ կվիրահատվի այստեղ, թե վիրահատությունը կարվի «Իջեւանի» բ/կ-ում:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին  Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին:

Նախորդ հոդվածը‘Բախումներ Դոնեցկում’
Հաջորդ հոդվածը‘Պուտին. Պատրաստ ենք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման շուրջ պայմանագրի նախապատրաստմանը’