‘Մատը կտրած կալանավորը հանդիպում է պահանջում Հրայր Թովմասյանի հետ, հակառակ դեպքում կկտրի եւս 2 մատները ‘

404

Հոկտեմբերի վերջին հացադուլ հայտարարած, դրանից հետո մատը կտրած եւ «Հենարան» կայքին ուղարկած դատապարտյալ Կարեն Թարոյանը, մեզ հասած հավաստի տեղեկություններով, այսօր առավոտյան դիմում է գրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Գ. Սարգսյանին` առաջիկա 2-3 օրվա ընթացքում հանդիպում պահանջելով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, հակառակ դեպքում նշել է, որ կկտրի եւս երկու մատները:

Այս քայլի համար պատճառ են դարձել Հրայր Թովմասյանի՝ հեռուստատեսությամբ արված հայտարարությունները` կալանավորների ինքնախեղման դեպքերի մասին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին հացադուլ հայտարարած Կարեն Թարոյանը կտրել էր ճկույթը՝ որպես բողոքի ապացույց, եւ ուղարկել «Հենարան» լրատվական կայքին, ինչը հետագայում առգրավվել է: Հացադուլ հայտարարած եւս երկու բանտարկյալներ` Սերոբ Մխիթարյանն ու Վարդան Դեմիրճյանը, կարել էին բերանները, իսկ չորրորդը` Արթուր Խաչատրյանը, սպառնացել է, որ ինքն էլ կկտրի իր ճկույթը, եթե իրեն առաջադրված մեղադրանքը չմեղմացվի:

Մամուլին հասցեագրված նամակում, որին կցված էր Թարոյանի կտրված ճկույթը, կալանավորները դժգոհել էին ե՛ւ իրենց նկատմամբ կայացված դատավճիռներից ու առաջադրված մեղադրանքներից, ե՛ւ կալանավայրում տիրող մթնոլորտից: Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել էին Սերոբ Մխիթարյանի, Վարդան Դեմիրճյանի եւ մատը կտրած Կարեն Թարոյանի հետ: 

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ իր հանձնարարականով քրեակատարողական հիմնարկների ղեկավարությունը ոչ մի դեպքում ընդառաջ չի գնա ինքնախեղված կալանավորների պահանջներին: Նա նաեւ նշել էր, թե  կալանավորի կողմից ինքնախեղումների նպատակը գրեթե միշտ նույնն է ՝ ուշադրություն հրավիրել իրենց և իրենց գործի վրա:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսատանը քննադատող ռուս գեղեցկուհիների քանակը ավելանում է’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Խմբում 2-րդ տեղ գրավելը լավ նշան է’