‘«Մարիոթի» տանիքի բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ ‘

1029

Սեպտեմբերի 14-ին, Էրեբունի-Երևան տոնակատարությունների ժամանակ, Հանրապետության հրապարակում «Մարիոթ» հյուրանոցի տանիքի բռնկման գործով Արտակարգ իրավիճակների նախարարությունում այժմ քննություն է իրականացվում: Այս մասին iLur.am-ին հայտնեց ԱԻՆ Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության մասնագետ Սերգեյ Հայրապետյանը:

«Դեռևս ոչինչ հայտնի չէ, որովհետև դա ժամկետների մեջ է, քննություն է արվում, առնվազն 10 օր հետո պարզ կլինի՝ օրենքով սահմանված կարգով: Կարելի է ասել՝ հրդեհ չի եղել, բռնկում է եղել, շատ դեպքերում լինում է այդ կարգի միջոցառումների, հրավառությունների ժամանակ: Կարելի է նույնիսկ հրդեհ չհամարել, չնչին դեպք է, բռնկում, որը արագ լոկալիզացվել է»,- ասաց Հայրապետյանը:

Փորձեցինք պարզել՝ տարօրինակ չի՞ համարում վերջին շրջանում հրդեհների նման «առատությունը», և արդյոք նախարարությունը քննե՞լ է այդ արտակարգ պատահարների միջև հնարավոր կապի վարկածը:

«Հանրային օբյեկտներում պարբերաբար հրդեհներ լինում են, դրանք շարունակական բնույթ են կրում, եղել են և էլի կլինեն, ոչ մի կապ ընդհանրապես չկա: Ե՛ւ «Հարսնաքարի» դեպքը, և՛ Հանրապետականի տանիքի դեպքերը պարզաբանված են»,- նշեց նա՝ հավելելով, որ  դեպքերը չեն հաճախակիացել, ուղղակի հնչեղություն են ստանում, քանի որ կապված են հայտնի օբյեկտների հետ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը iLur.am-ին հայտնեց, որ հրդեհների գործով քննությունն ԱԻՆ-ն է իրականացնում, և դիտավորության կամ լուրջ դեպքերը փոխանցվում են ոստիկանությանը: «Մարիոթի» տանիքի գործով ոստիկանությունը ԱԻՆ-ից նյութեր դեռ չի ստացել:

Վերջին շրջանում հանրային վայրերում հրդեհները կարծես սովորական երևույթ են դարձել: Հրդեհների շարքի բացումը «ազդարարեց» Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության կազմակերպած համերգ–հանրահավաքի ժամանակ գազով լցված փուչիկների բռնկումը: Այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք: Այժմ ընթանում է այս գործով դատավարությունը: Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը: Մեղադրյալ Սերոբ Բոզոյանը ցանկություն էր հայտնել, որ դատական նիստն ընթանա արագացված ընթացակարգով: Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը պահանջել է փուչիկները լիցքավորած Սերոբ Բոզոյանին դատապարտել մեկ տարվա ազատազրկման: Մեղադրյալի պաշտպան Կարեն Մանուչարյանը դատարանից երկու օր ժամանակ է խնդրել պաշտպանական ճառը պատրաստելու համար։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 17-ին։

Այս դեպքից ավելի ուշ՝ մայիսի 22-ին հրդեհ բռնկվեց Հանրապետականի կենտրոնական գրասենյակում: ԱԻՆ-ը փորձաքննություն անցկացնելուց հետո պաշտոնապես հրապարակեց, որ գրասենյակի կտուրի հրդեհն առաջացել է էլեկտրատեխնիկական պատճառներով։

Այս հրդեհի դիտավորության մասին խոսակցությունները չէին դադարել, երբ Հանրապետականի շենքում կրկին հրդեհ բռնկվեց, այս անգամ՝ սեպտեմբերի 22-ին: Հրդեհի հետեւանքով այրվել էր շենքի տանիքի 10 քառակուսի մետր տարածքը: Ավելի ուշ պարզվեց, որ պատճառը շենքի հարակից տարածքում աշխատող «շինարարների անփութությունն» է:

Սեպտեմբերի 21-ին էլ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում հրդեհ էր բռնկվել: Ըստ ԱԻՆ-ի՝ հրդեհի պատճառը ծխատարի խցանումն է եղել:

 

 

Նախորդ հոդվածը‘Սոնա Տռուզյան. Մանկապարտեզների գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն ‘
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Վարդան Վարդանյանը իրեն ուղղվելիք հարցերի պատասխաններն ունի’