Մեծ Բրիտանիան մտադիր է «Վագներ» ՄՌԸ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն

215

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է առաջիկա շաբաթների ընթացքում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը (ՄՌԸ) ճանաչել ահաբեկչական կազմակերպություն։

Այդ մասին երեքշաբթի երեկոյան հաղորդել է The Times թերթը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին։

Թերթի տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Թագավորության իշխանությունները երկու ամիս շարունակ իրավաբանական հիմքեր են նախապատրաստել «Վագներ» ՄՌԸ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցանկ մտցնելու համար՝ «Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով»։ Այդ կարգավիճակն ստանալու դեպքում այդ կազմակերպությանը պատկանելը, դրա միջոցառումներին մասնակցելը, կազմակերպությանն աջակցություն հայտնելը կամ դրա խորհրդանշանները կրելը Մեծ Բրիտանիայում կհամարվեն քրեական հանցագործություն։

Բացի այդ, «Վագներ» ՄՌԸ-ի նկատմամբ կարող են նաև ֆինանսական պատժամիջոցներ սահմանվել, կազմակերպության անդամներին կարող է արգելվել դիմելու բրիտանական դատարաններ՝ լրագրողների և իրավապաշտպանների դեմ դատական հայցերով։

2021 թ․ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը «դիմել էր բրիտանական դատարան՝ ընդդեմ Bellingcat կազմակերպության հիմնադիր Էլիոթ Հիգգինսի»։ Պրիգոժինին պատկանող «Կոնկորդ» ընկերությունում հայտարարել էին, թե հայցի համար հիմք է հանդիսացել Twitter-ում Հիգգինսի հաղորդագրությունը «Վագներ» ՄՌԸ-ի հետ Պրիգոժինի կապի և հանցագործություններին մասնակցելու վերաբերյալ։ Հետագայում Պրիգոժինն ինքն է խոստովանել, որ ինքն է այդ ՄՌԸ-ի հիմնադիրը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնով․ ՀՄՊ-ի պատմությունը վերաշարադրելու փորձերը տարեցտարի ավելի են լկտիանում
Հաջորդ հոդվածըՋերմուկ․ Մարտիրոսյանն ու Հովհաննիսյանը 1-ական միավոր են հետ միանձնյա առաջատար Սեւյանից