‘ՄԻՊ. Խախտվում են Ազգային պատկերասրահի աշխատողի իրավունքները’

978

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Քրիստինա Օհանյանը երկար տարիներ աշխատել է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում` որպես ֆոնդերի հաշվառման բաժնի համակարգչային օպերատոր: Վերջերս նրան անհիմն ազատել են աշխատանքից, որի կապակցությամբ նա դիմել է դատարան և վերականգնել իր խախտված իրավունքը: 

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումով Քրիստինան հայտնել է, որ ներկայումս վերադարձել է իր նախկին աշխատանքին, սակայն աշխատավայրում խոչընդոտներ են ստեղծվում նրա աշխատանքային պարտականությունների կատարման համար: Գործընկերների, մասնավորապես` պատկերասրահի ֆոնդերի հաշվառման ենթաբաժնի վարիչ Նունե Ավետիսյանի կողմից պարբերաբար ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի, տարբեր սադրանքների և զրպարտությունների: Նա նշել է նաև, որ աշխատավայրում իրեն չեն տրամադրում սեղան, համակարգիչ և աշխատանքի համար անհրաժեշտ այլ պարագաներ: 

Ընդամենը օրեր առաջ էլ Քրիստինան տեղեկացել է, որ իր նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ՝ հիմք ընդունելով իր՝ աշխատանքի չներկայանալու հանգամանքը, մինչդեռ վերջինս պնդում է, որ ինքը պարտաճանաչ ներկայացել է աշխատանքի և ոչ մի օր չի բացակայել»:

Այս ամենի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է գրություններ ուղարկել Մշակույթի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ»:

Նախորդ հոդվածը‘Մեսին կարող է ազատազրկվել’
Հաջորդ հոդվածը‘Նախագահական ընտրություններից առաջ Իրանում «լռության օր» է’