‘Մեքսիկական լքված դիակիզարանում տասնյակ դիակներ են հայտնաբերվել’

1060

Մեքսիկայի ոստիկանությունը 60 դիակ է հայտնաբերել զբոսաշրջային Ակապուլկո քաղաքի արվարձանում գտնվող լքված դիակիզարանի շենքում: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հինգշաբթի երեկոյան ոստիկանություն են զանգահարել հարևանությամբ գտնվող տների բնակիչները, որոնք կասկածելի հոտ են առել լքված շենքից:

Կանանց, տղամարդկանց և երեխաների դիակները զմռսված և դիակիզման պատրաստ վիճակում են եղել: Մասնավոր դիակիզարանը փակվել էր մեկ տարի առաջ՝ սնանկացման պատճառով: «Քանի որ հանգուցյալների մարմինները դիակիզման չեն ենթարկվել, այդպիսով խախտվել են դաշնային, տեղական և նահանգային օրենքները»,- մեկնաբանել է դատախազությունը:

Գեռերո նահանգի գլխավոր դատախազը Formula ռադիոկայանին հաղորդել է, որ շենքում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք կարող են օգտակար լինել հետաքննության ընթացքում: Նա նաև հավելել է, որ փորձագետներն աշխատում են պարզել, թե որքան ժամանակ են դիակները մնացել այդ շենքում:

Դիակիզարանը գտնվում է Իգուալա քաղաքից 200 կմ հեռավորության վրա, որտեղից անցյալ տարվա սեպտեմբերին 43 ուսանողներ էին անհետացել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ջորջ Սորոսը հրաժարվել է Ուկրաինային մեկ մլրդ դոլար տարամադրել’
Հաջորդ հոդվածը‘Առեւանգված Արտակ Խաչատրյանին ծեծված վիճակում տուն են վերադարձրել (լրացվում է)’