‘ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության նոր մրցույթը պետք է անվավեր ճանաչվի. Լուսինե Հակոբյան’

3684

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրության նոր մրցույթի անցկացման իրավական հիմքեր գոյություն չունեն եւ մրցույթը պետք է անվավեր ճանաչվի: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը: Նա մանրասմասնեց, որ նոր մրցույցթի անցկացման իրավական հիմքերը սահմանված են Սերժ Սարգսյանի 2014 թվականի օգոստոսի 2-ի հրամանագրին կից հավելվածի 5-րդ բաժնում: «Նոր մրցույցթ հայտարարվում է այն պարագայում, եթե հավակնորդների թիվը չի գերազանցում երեքը, հարցազրույցի մասնակիցների թիվը չի գերազանցում երեքը, հարցազրույցին ներկայացած հարցազրույցի մասնակիցների թիվը չի գերազանցում երեքը, չի ապահովվում սեռերի ներկայացվածության սկզբունքը, բացառությամբ  սույն կարգի 28-րդ կետում նշված դեպքի:

Նոր մրցույթ է հայտարարվում նաեւ, եթե ՀՀ նախագահը մերժել է ցուցակի հաստատումը («Սերժ Սարգսյանը 2014թ. հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին»), ԵԽԽՎ-ն չի ընտրել թեկնածուներից որեւէ մեկին (ցուցակը ԵԽԽՎ չի էլ ուղարկվել), ինչպես նաեւ, եթե առկա է թեկնածուների ընտրությունն իրականացնելու անհնարինության այլ դեպքեր (թեկնածուներն ընտրվել են):

Սա նշանակում է, որ նոր մրցույթ անցկացնելու իրավական հիմքերը բացակայում են»,- հայտնեց Լուսինե Հակոբյանը:

Նշենք, որ iLur.am-ը մրցույթին ավելի հանգամանորեն կանդրադառնա վաղը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանի եւ հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանի հետ հարցազրույցի տեսքով: Հիշեցնենք, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ն ամբողջ մրցույթի ընթացքում իրականացնում էր դիտորդական առաքելություն: 

Նախորդ հոդվածը‘Հասմիկ Բաբաջանյան. Լեւոնի հումորը’
Հաջորդ հոդվածը‘MH17-ի զոհերի հարազատներին առաջին անգամ ցույց են տվել կործանված ինքնաթիռի բեկորները’