‘Միխայիլ Մարկոսով «Կփորձեմ արդարացնել մարզչի վստահությունը»’

838

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պետք է նախապատրաստվեն փետրվարի 5-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք  Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպմանը: ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է ռուսական «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովի հետ, ով առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական:

-Միխայիլ, ինչպե՞ս ընդունեցիր ազգային հավաքական հրավիրվելու մասին լուրը:

-Բնականաբար, շատ ուրախացա: Անկախ նրանից, որ ես խաղում եմ Ռուսաստանում, Հայաստանն իմ պատմական հայրենիքն է, և ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալը:

-Երբ արդեն սկսել էիր գոլեր խփել «Ուֆա»-ի կազմում, սպասո՞ւմ էիր, որ քեզ կհրավիրեն հավաքական:

-Հոգու խորքում, բնականաբար, հույս ունեի, բայց չէի սպասում, որ դա կլինի այսքան շուտ:

-Հայաստանի հավաքականում խաղալու դեպքում դու լեգիոներ կհամարվես Ռուսաստանում: Տատանվո՞ւմ էիր հավաքականի հրավերն ընդունելիս:

-Ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ կայացրել եմ ճիշտ որոշում: Ինքս ինձ համար որոշել եմ, որ գնալու եմ մինչև վերջ: Ազգային հավաքականում խաղալը լրիվ ուրիշ մակարդակ է, միջազգային ասպարեզ դուրս գալու եզակի շանս, որը չի կարելի բաց թողնել: Բացի այդ, եթե ֆուտբոլիստը ուժեղ է, նա կգտնի իր տեղը հիմնական կազմում, նույնիսկ եթե լեգիոներ է: 

-Ի՞նչ սպասելիքներ ունես Լյուքսեմբուրգի հավաքականի հետ հանդիպումից:

-Ճիշտն ասած, մրցակցի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ նրանց խաղերին չեմ հետևել: Իսկ մեր հավաքականի խաղերը, բնականաբար, դիտել եմ և արդեն մոտավոր պատկերացում ունեմ, թե ինչպես են խաղում մեր ֆուտբոլիստները: Բայց այս հավաքի ընթացքում ինձ համար ամենակարևորը հավաքականի ֆուտբոլիստների և գլխավոր մարզչի հետ ծանոթանալն է և թիմին հարմարվելը:
-Ինչպե՞ս ես գնահատում առաջիկա հանդիպմանը քո՝ խաղադաշտ դուրս գալու հնարավորությունները:

-Կարծում եմ՝ եթե մարզիչը հրավիրել է, ուրեմն որոշակի հույսեր է կապում ինձ հետ: Քանի որ հանդիպումն ընկերական է, մարզիչը, հավանաբար, բոլորին էլ խաղալու հնարավորություն կտա: Ես էլ, իմ հերթին, կփորձեմ արդարացնել մարզչի վստահությունը և ապացուցել, որ արժանի եմ հանդես գալու Հայաստանի հավաքականում:

Նախորդ հոդվածը‘Բեռլինի համալսարաններից մեկում ուսանողը սպառնում է պայթյուն կազմակերպել’
Հաջորդ հոդվածը‘Վաշինգթոնը զգուշացնում է Իրանին եւ Հս. Կորեային. Ռազմական տարբերակը օրակարգում է’