‘ՄԻՊ. Եթե Վճռաբեկ դատարանն արդար գործեր, մարդիկ արդարություն չէին փնտրի փողոցում’

1034

Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, գործեր արդար, ամեն մարդ չէր փորձի դատավոր դառնալ, և արդարություն չէին փնտրի փողոցներում, ասվում է Հայաստանի օմբուդսմենի` արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցում:

Մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվան ընդառաջ պատրաստված զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձել է դատաքննական խախտումների վերջին դեպքերին: «Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին»,–  ասվում է զեկույցում։

«Եթե Վճռաբեկ դատարանն արդար գործեր, ապա Երևանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԷԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարություն չէին փնտրի փողոցներում: Եթե Վճռաբեկ դատարանը և նրա երկու պալատների նախահագներ Արման Մկրտումյանը Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես եթե այդ երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաև օլիգարխներ ստեղծելու և պահելու այլ եղանակների հետ»,- ասվում է ՄԻՊ զեկույցում: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ նախկին արտգործնախարարները հանդիպել են ամերիկացի բարձրաստիճան դիվանագետին’
Հաջորդ հոդվածը‘Կիևում վարչական շենքերի պաշարումը շարունակվում է’