‘ՄԻՊ. Պետական մարմինների կարող է թվալ, որ «գեթ մեկ փաստ» գոչելով՝ կարելի է թաքցնել սեփական համակարգային արատները’

967

Օմբուդսմենի ներկայացուցիչները հուլիսի 16-ին  հերթական այցն են կատարել հոգեբուժական հաստատություններ: Սևանի հոգեբուժարանում հայտնաբերվել է 3 անուն ժամկետանց դեղ, ինչպես նաև կտրված են եղել այլ դեղերի ժամկետների նշման հատվածները: Ժամկետանց դեղորայք է հայտնաբերվել նաև Արմաշի առողջության կենտրոնում: Ահա և Օմբուդսմենից խնդրված փաստեր՝ հատուկ նախարար Արմեն Մուրադյանի համար:

Երեկ Առողջապահության նախարարությունն արդեն հնաոճ դարձած գործելաոճով էր արձագանքել մեր կողմից բազմիցս բարձրաձայնված և կրկին հնչեցված խնդիրներին: Առանձին պետական մարմինների կարող է թվալ, որ «մեկ փաստ», «գեթ մեկ փաստ» գոչելով՝ կարելի է թաքցնել սեփական համակարգային արատներն ու առանձին պաշտոնյաների վատ աշխատանքը:

Մեզ պատասխանելիս Առողջապահության նախարարությունը խնդիրներին լուծում չտալը պատճառաբանել էր նախարարի կարճատև՝ 2 ամիս պաշտոնավարմամբ: Մինչդեռ երկու ամսում կարելի էր լուծել առնվազն հոգեբուժարաններից ժամկետանց դեղերը վերացնելու հարցը: Ավելին,  սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման համար պահանջվում է ընդամենը մաքրման համապատասխան աշխատանքների կազմակերպում: Բացի այդ, մի սանհանգույցի կոսմետիկ վերանորոգումը կպահանջի տասն օրից ոչ ավելի ժամանակ և ոչ մեծ ֆինանսներ: Այսպիսով, թվարկված խնդիրների լուծումը կարիք չունի ֆինանսական հատուկ ներդրումների, երկարատև ռազմավարական լուծումների: Դրանք կարող են վերացվել բացառապես հետևողական ու իրական աշխատանքով:

Այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր գոհունակությունն է հայտնում, որ Առողջապահության նախարարությունն ընդունում է իր մատնանշած խախտումների և թերությունների առկայությունը, և հուսով է, որ նախարարի հանձնարարականները վաղ թե ուշ կկատարվեն:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Նախորդ հոդվածը‘Առաջին օմբուդսմեն. Աղբյուր բացահայտելու մասին դատարանի որոշումը Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակելու կոպիտ փորձ է’
Հաջորդ հոդվածը‘Շվեդիայի ԱԳՆ ղեկավար. Մոսկվան ստիպել է Երևանին հրաժարվել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից’