‘Մովսես Հակոբյան. Ինջիղուլյանի գործով մեղավորները պատժվել են’

921

Զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման հարցում իրենց մեղավորությունն ունեն նաեւ ՊԲ զինծառայողները, եւ նրանք պատժի են ենթարկվել, Razm.info-ի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:

«Դիրքում որոշակի բացթողումներ են եղել, որի պատճառով զինծառայողը հարկադրված է եղել դուրս գալ իր դիրքից ու գնալ ջուր բերելու այլ տեղից։ Ամառվա շոգին այս գործողությունը երկար է տևել։ Ինջիղուլյանը, որն այդ օրն արդեն երրորդ անգամ էր գնացել ջուր բերելու, պառկել է մի քիչ հանգստանալու հակատանկային խրամում։ Ուշ ժամ է եղել, երբ փոսում արթնացել է, տեղում չի կողմնորոշվել։ Այդ հատվածն այնպիսին է, որ հնարավոր է անցնել հակառակորդի կողմ։ Տեսանյութում իր արտահայտած մտքերն իմացեք, որ ասվում են հակառակորդի ճնշումների ներքո, ինքն այլ բան չէր կարող ասել, միևնույն է կպարտադրեին, որ ասի։ Ամեն դեպքում, մեր մեղքն է, մենք ընդունում ենք։ Մեղավորներն արդեն պատժվել են։ Դիրքի ջրի մատակարարմամբ զբաղվող, ինչպես նաև Ինջիղուլյանի բացակայությունը ժամանակին չնկատած, իր հետևից չգնացած անձինք հանված են պաշտոնից», — մանրամասնել է ՊԲ հրամանատարը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ամենայն հավանականությամբ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը՝ հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի վերահսկվող տարածքում։ Ադրբեջանցի համապատասխան պաշնոտյան հայտարարել է, որ Ինջիղուլյանը երրորդ երկիր մեկնելու ցանկություն է հայտնել:

 

Նախորդ հոդվածը‘Ավարտվել է «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնը’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերի 4-8-ը Երևանում կանցնի հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք’