‘Մուրադ Գրիգորյան. Ընդամենը մեկ բան՝ չվախենան, չենթարկվեն ոչ մի տեսակի ճնշման’

1321

Այսօր ինձ մոտ ակտիվի հավաք է եղել, մեր վստահված անձանց ու Կոնգրեսի մեր համակիրների, հանձնաժողովի անդամների հետ: iLur.am-ի հետ զրույցում ամփոփելով քարոզարշավի ընթացքը՝ ասաց Հայ ազգային կոնգրեսի՝ Գյումրին և հարակից գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Մուրադ Գրիգորյանը: Նա հորդոր, կոչ ուղղեց համաքաղաքացիներին:

«Ընդամենը մեկ բան՝ չվախենան, չենթարկվեն ոչ մի տեսակի ճնշման: Ժամանակավոր, ողորմելի երկու-երեք հոգի կա մարզում, որ  փորձում են պահել շանտաժի ու ահաբեկման տակ, այդ ողորմելիների պարտադրանքներին չենթարկվեն, դրանք երկու-երեք ամսվա կյանք ունեցող ծիծեռնակներ են»,- ասաց Գրիգորյանը:

Նա չմանրամասնեց, թե ում մասին է խոսքը, ասաց՝ համաքաղաքացիները հիանալի գիտեն՝ ում նկատի ունի:

«Ընդամենը երկու-երեք հոգով, իրենց պաշտոնավարման ժամկետը ևս երեք ամիս երկարաձգելու համար, փորձում են մարդկանցից կեղծ ծնողական ժողովներով, պարտադրանքներով, շանտաժով քվեներ կորզել: Կոչ ենք անում համարձակ գնալ ընտրությունների մասնակցել, քվեարկել իրենց կամքով, իրենց խղճով, իսկ մենք մեր հերթին տեր ենք մեզ տրված յուրաքանչյուր քվեի»,- նշեց ՀԱԿ թեկնածուն:

Մեր հարցին, թե որքան է գնահատում իր շանսերը, նա կարճ պատասխանեց՝ հաղթանակ:

Այս ընտրատարածքում լրացուցչ ընտրությունները նախատեսված են կիրակի օրը՝ դեկտեմբերի 2-ին: Առաջադրվել է նաև Արման Խաչատրյանը: Վերջինիս սատարում է Հանրապետական կուսակցությունը: 

Նախորդ հոդվածը‘Սամվել Կարապետյան. Հայաստանը վերադարձրեց թալանը, իսկ Գերմանիան՝ ոչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Երբ ԵՊՀ-ն շարունակում է սովետական կեղծարար պատմագիտության ավանդույթները’