‘Յուրիկ Վարդանյանի որդու պաշտպանը նախարարի ներողությանն է սպասում’

1141

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրիկ Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ով մեղադրվում է թմրամիջոցների մաքսանենգության մեջ, հոկտեմբերի 29-ին հրաժարվել է հանրային պաշտպանի ծառայություններից: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դ. Վարդանյանի արդեն նախկին հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը:

«Դավիթի գործով հանրային պաշտպան ներգրավելու որոշում կայացվել է դեռևս Կապանում, քանի որ նա հայերեն լեզվին լավ չի տիրապետում: Դա պարտադիր է նման դեպքերում և կա նաև քննիչի որոշման մեջ: Մենք իրար հետ որևէ խնդիր չենք ունեցել, բայց դա իր իրավունքն է, նա որոշել է վճարովի փաստաբանի ծառայություններից օգտվել»,- ասաց նա:

Ռ. Սաֆարյանի խոսքով` ինչ վերաբերում է Յ. Վարդանյանին, ապա վերջինս պետք է ներողություն խնդրի «գլուխը քարին է տվել» արտահայտության համար:

«Մենք որևէ անգամ չենք հանդիպել, և դրա կարիքը չի էլ եղել: Եթե նա օրինավոր մարդ է, ապա առանց ինձ ճանաչելու նման արտահայտություն անելու համար սպասում եմ, որ ներողություն կխնդրի»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 

Նախորդ հոդվածը‘Նոր պարտադիր ապահովագրություն. Այս անգամ՝ բժշկական’
Հաջորդ հոդվածը‘Լիսկայի գործ. Քննիչը թաքցնում է ապացույցները’